ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտը (ՀՀ ԳԱԱ ԵԳԻ) հիմնադրվել է 1935 թ. և այժմ Երկրի մասին գիտությունների ոլորտում ամենամեծ կառույցն է Հայաստանում: Ինստիտուտն ունի 140 աշխատակից, այդ թվում՝ 71 գիտաշխատող:
Ինստիտուտում հետազոտությունները կատարվում են կառուցվածքային 12 ստորաբաժանումներում՝ 10 լաբորատորիա, երկրաբանական թանգարան, գիտական 1 խումբ: ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտը, ըստ գիտաչափական ցուցանիշների, Երկրի մասին գիտությունների բնագավառի խոշոր և առաջատար գիտական կազմակերպությունն է Հայաստանում: Ինստիտուտի կողմից երկրաբանական և հարակից գիտությունների բնագավառներում կատարվում է հիմնարար և կիրառական հետազոտությունների լայն սպեկտր, մասնավորապես․
հիմնական գիտական ուղղություններ՝
երկրադինամիկա, ակտիվ տեկտոնիկա,
հրաբխագիտություն, երկրաջերմային էներգիա,
ռեգիոնալ երկրաբանություն և նստվածքաբանություն,
մետաղական և ոչ մետաղական օգտակար հանածոներ,
օգտակար հանածոների որոնման երկրաքիմիական մեթոդներ,
ստրատեգիական մետաղներ,
վտանգավոր երկրաբանական երևույթներ,
սեյսմոլոգիա և սեյսմոտեկտոնիկա,
գեոմոնիթորինգ, երկրաֆիզիկա,
գեոարխեոլոգիա և արխեոմետրիա,
հնէաբանություն և շերտագրություն,
պետրոլոգիա և իզոտոպային երկրաբանություն,
երկրաբանական տեղեկատվություն, գեոինֆորմատիկա,
հիդրոերկրաբանություն և հիդրոերկրաքիմիա:
Ինստիտուտն ակտիվորեն հրատարակում է իր հետազոտությունների արդյունքները արտասահմանյան գիտական ամսագրերում, որոնք ունեն ազդեցության գործակիցներ, ՀՀ ԿԳՄՍՆ ԲՈԿ-ի ցուցակում ներառված ամսագրերում, մենագրություններում և ժողովածուներում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Ինստիտուտի աշխատակիցների տպագրած հոդվածների գումարային միջազգային ազդեցության գործակիցը 2013-2023 թթ. ընթացքում կազմում է 271,8:
Ինստիտուտում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի շրջանակում գործում է Երկրաբանության ամբիոնը, որն իրականացնում է մագիստրոսների և ասպիրանտների մասնագիտական ուսումնառություն։
Ինստիտուտում գործում է 054 մասնագիտական Գիտական խորհուրդը, որը միակն է Հայաստանում և իրավասու է շնորհելու գ․թ․ և գ․դ․ աստիճաններ ԻԴ 01․01․ Երկրաբանություն մասնագիտությամբ։
Կոնտակտներ
Հիմնադրման տարեթիվը՝ 1935 թ․
Տնօրեն՝ երկրաբանական գիտությունների դոկտոր Խաչատուր Բորիսի Մելիքսեթյան
Հասցե՝ ք.Երևան, Մարշալ Բաղրամյան պ., 24ա,
Հեռ.՝ (+374 10) 524 426
Էլհասցե՝ igs@sci.am
Կայքէջ՝ https://www.geology.am/