Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը մեկնարկել է «Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագիրը»՝ ուսանողների համար հնարավորություններ ստեղծելով սկսելու իրենց կարիերայի ուղին թվայնացման ոլորտում՝ նպաստելով Հայաստանի թվային հասարակության և տնտեսության ձևավորմանը։
Ծրագրին մասնակցելու հնարավորություն ունեն բոլոր այն ուսանողները, որոնք ցանկություն ունեն գործնական փորձի, մենթորության և ոլորտի մասնագետների հետ համագործակցության միջոցով ներգրավվելու տեղեկատվական համակարգերի դինամիկ աշխարհում և ունենալու սեփական ներդրումը Հայաստանի թվայնացման օրակարգում։
Ծրագրի տևողությունը 12 ամիս է, որի ընթացքում ուսանողները կունենան հնարավորություն՝ ըստ նախապատվության աշխատելու գործակալության 3 տարբեր ստորաբաժանումներում, յուրաքանչյուրում 4 ամիս՝
- ️Կիբերանվտանգություն (Cybersecurity),
- ️Հասարակայնության հետ կապեր (PR and Communications),
- ️Փոխգործելիություն (Interoperability),
- ️Ֆինանսներ և գործառնություններ (Finance and Operations),
- ️Օգտատիրոջ ինտերֆեյս և փորձառություն (UI/UX)։
Երիտասարդ մասնագետների ծրագրի նպատակն է ուսանողի համար ստեղծել մի միջավայր, որտեղ նա լավագույնս կկարողանա ծանոթանալ տարբեր մասնագիտական ոլորտների հետ, անցնել ինքնաբացահայտման և ինքնաճանաչողության ճանապարհ, որի արդյունքում իր կուտակած ողջ փորձի հիման վրա էլ կկատարի առաջին քայլերը հետագա կարիերայի ընտրության հարցում: Իսկ լավագույնները ծրագրի ավարտին հնարավորություն կունենան աշխատանքի անցնելու ՀՏՀԳ-ում: