Պետությունների կողմից հովանավորվող պատմություններ և պատմագրական իշխանություն
-
Պետությունների կողմից հովանավորվող պատմություններ և պատմագրական իշխանություն
-
Ս․թ․ հունիսի 12-13-ը կանցկացվի Երևանի պետական համալսարանի պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիայի նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային առաջին գիտաժողովը, որի նպատակն է համախմբել պատմության փիլիսոփաներին ու տեսաբաններին, պատմաբաններին, սոցիոլոգներին, ինչպես նաև գիտաժողովի թեմաներով հետաքրքրված այլ մասնագետների ամբողջ աշխարհից՝ նպաստելով մտքերի, հարցերի ու տարբեր ռեսուրսների փոխանակմանը։ Հիմնական թեման պետությունների կողմից հովանավորվող պատմությունն է: Գիտաժողովը հարթակ կծառայի՝ հետազոտելու, թե ինչպես են պետությունները կառուցարկում, պարտադրում և վիճարկում տարբեր պատումներ:
Գիտաժողովը միտված է բացահայտելու, թե ինչպես են պետությունները պատմականորեն ազդել և ազդում պատմագրության ու հանրային հիշողության ձևավորման վրա: Պետությունների կողմից հովանավորվող պատմությունների թեման, ինչպես որ այն հասկացվում է ժամանակակից հումանիտար ոլորտում, կառավարությունների մշակած պաշտոնական պատումներից այն կողմ է անցնում։ Այն ներառում է պետության ուղղորդմամբ ու աջակցությամբ իրականացվող միջամտությունների լայն շրջանակ՝ սկսած հիշողության հարցերը կարգավորող օրենքներից մինչև կրթական ծրագրեր, հուշարձանների ու թանգարանների ստեղծումից մինչև ակադեմիական հետազոտությունների և արխիվային հաստատությունների ֆինանսավորում: Երբեմն այս ազդեցությունը ներառում է պետության կողմից հովանավորվող բռնություն, և այս համատեքստում բռնաճնշումները, պատերազմները կամ ցեղասպանությունները քողարկվում և նույնիսկ արդարացվում են պաշտոնական պատմագրությամբ:
Նման խեղաթյուրումներին դիմակայելու ունակ պատմագրական լեզվի որոնումը կենսական նշանակություն է ստանում ոչ միայն պատմական ճշմարտությունը պահպանելու, այլև անցյալը ներկայացնելիս, ինչպես հարկն է, բարոյական նորմերին հետևելու համար:
Պետական հովանավորության մեկ այլ կարևոր կողմ է պետությունից դուրս գտնվող կառուցվածքների լուսանցքայնացումը, ինչպիսին է, օրինակ, սփյուռքը, որի պատումները հաճախ դուրս են մնում պաշտոնական պատմություններից։ Սփյուռքի համայնքները հաճախ պահպանում են այլընտրանքային հիշողություններ և պատմություններ, որոնք կարող են հակասել պետական պատումներին՝ առաջադրելով դրանք ընդհանուր և ներառական շրջանակներում լուծելու անհրաժեշտությունը:
Վերջին տասնամյակներում մեդիայի տարածման ու գլոբալացման գործընթացները փոխել են պատմագրության լեզուն և կառուցվածքը: Պետության կողմից վերահսկվող արխիվների և պատումների ավանդական «վերևից ներքև» մոդելն աստիճանաբար թուլանում է տեղեկատվության ժողովրդավարացման պատճառով, քանի որ արխիվներն ու աղբյուրները դառնում են համաշխարհային մասշտաբով հասանելի: Նման տեղաշարժը տեղ է բացում նոր և պլյուրալիստական պատմագրության համար, որի շրջանակում ձևավորվող տարբեր հեռանկարները կարող են մարտահրավեր նետել կենտրոնացված իշխանությանը և նպաստել պատմության ավելի ընդգրկուն ըմբռնմանը:
Երկխոսության և պլյուրալիզմի փիլիսոփայական շեշտադրումն առանցքային է այնպիսի պատմագրության զարգացման համար, որը կլինի ընդգրկուն, բազմազան և ունակ կլինի դիմակայելու պատմական դիսկուրսի քաղաքականացմանը։ Փիլիսոփայությունն այս կերպ ոչ միայն աջակցում է անցյալի նկատմամբ քննական անդրադարձին, այլև նպաստում է պատմագիտական հետազոտության` ապագայի հանդեպ առավել պատասխանատու մոտեցման մշակմանը:
Ընդգրկելով այս թեմաները՝ գիտաժողովը նպատակ ունի վերհանելու իշխանության, հիշողության և բարոյագիտության հատման կետերը՝ առաջարկելով նոր ուղիներ՝ քննական մտքի և համատեղ հետազոտությունների համար:
Գիտաժողովն առաջարկում է հետևյալ ուղղորդող հարցերը.
Ըստ այսմ՝ գիտաժողովը ներառում է հետևյալ թեմատիկ ուղղությունները (թեև չի սահմանափակվում միայն դրանցով).
Պատմագրական իշխանություն և պետական պատումներ
Պետություն, սփյուռք և մրցակցող պատմական պատումներ
Պատմություն, գաղափարախոսություն և իշխանություն
Ճնշումը և դիմադրությունը պատմագրության մեջ
Պետական պատմագրություն և համաշխարհայնացում
Հետգաղութային պատմություններ և պետություն
Պետությունների կողմից հովանավորվող բռնություններ
Հիշողության քաղաքականություն և հանրային ոլորտ
Ազգայնականություն և պատմական պատումների կառուցարկումներ
Բերբեր Բեյվերնագե – Գենտի համալսարանի պրոֆեսոր (Բելգիա)
Մարի-Գաբրիել Ֆերբերգդ – Գենտի համալսարանի պրոֆեսոր (Բելգիա)
Մարկ Նշանեան – ֆրանսահայ փիլիսոփա
Գիտաժողովին մասնակցել ցանկացողները մինչև 2025 թվականի մարտի 15-ը lab.philosophy@ysu.am էլհասցեին կարող են ուղարկել 300-500 բառից բաղկացած հայերեն և անգլերեն ամփոփագրերը (.doc or .docx ձևաչափով)։
Խնդրում ենք ամփոփագրի ֆայլն անվանել հետևյալ եղանակով՝ ազգանուն_ամփոփագրի վերնագիր:
Հաստատված աշխատանքների հեղինակները կտեղեկացվեն մինչև 2025 թվականի ապրիլի 15-ը:
Զեկուցումները պետք է ներկայացվեն հայերեն կամ անգլերեն (ներկայացման ընթացքում կլինի համաժամանակյա թարգմանություն): Գիտաժողովին մասնակցությունն անվճար է։
Հարցերի դեպքում դիմել գիտաժողովի կազմակերպիչներին՝ lab.philosophy@ysu.am էլհասցեով։