Երևանի պետական համալսարանում, կրթական գործընթացներին զուգահեռ, մեծ ուշադրություն է դարձվում նաև ուսանողների արտալսարանային կյանքին:
ՀՀ անկախության վերջին շրջանում ԵՊՀ մշակութային կյանքը նոր վերելք ապրեց. 2006 թ․ հունիսին ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ ստեղծվեց Մշակույթի կենտրոնը, որի առաջնահերթ խնդիրներն էին բուհի մշակութային կյանքի, համալսարանականների շրջանում անցկացվող մշակութային միջոցառումների համակարգումը, ինչպես նաև ԵՊՀ-ում գործող կառույցների կազմակերպած միջոցառումների համախմբումն ու դրանց որակական չափանիշների ապահովումը: Այս ամենն իրագործելու նպատակով արհեստավարժ ղեկավարների միջոցով կազմավորվեցին մշակութային բազմաբնույթ համույթներ, որոնց աշխատանքներում ներգրավվեցին ստեղծագործող և շնորհալի ուսանողներ, դասախոսներ:
Մշակույթի կենտրոնի կազմում գործում են հետևյալ մշակութային խմբերը, որոնց մասնակցությամբ անցկացվում են բազմաբնույթ մշակութային միջոցառումներ.
- «Համալսարանական» թատրոն-ստուդիա - գեղ. ղեկավար` Կարինե Դավթյան,
- Աղջիկների պարային համույթ - գեղ. ղեկավար` Անի Հարոյան,
- Երգչախումբ - գեղ. ղեկավար` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարեն Սարգսյան, խմբավար` Ռուբեն Կարասեֆերյան,
- Երիտասարդ ստեղծագործողների խումբ, այդ թվում՝ Գրական ստուդիա - ղեկավար` Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյան
- «Նիկե» ջոկատ - համակարգող` Լիլիթ Սարգսյան,
- Կինոակումբ - համակարգող` Սրբուհի Խաչատրյան,
- YSU BAND - գեղ. ղեկավար՝ Արթուր Հակոբյան,
- Մշակութային տեղեկատվական ակումբ - համակարգող՝ Լիլիթ Սարգսյան։
Կենտրոնի նպատակները և խնդիրները
Մշակույթի կենտրոնի նպատակներն ու խնդիրներն են.
- ուսումնական գործընթացին զուգահեռ՝ նպաստել ԵՊՀ ուսանողների մշակութային ունակությունների զարգացմանը, մշակույթի միջոցով ԵՊՀ ուսանողների կապի ապահովումը տարբեր երկրների ուսանողների հետ, այդ թվում` Արցախի և Սփյուռքի,
- միջբուհական և հանրապետական մրցույթների, փառատոների կազմակերպման և մասնակցության, միջբուհական մշակութային կապերի ստեղծման միջոցով ուսանողության շրջանում տաղանդավոր և շնորհալի ուսանողների հայտնաբերումը,
- ներհամալսարանական, արտահամալսարանական և միջբուհական մշակութային մրցույթների, փառատոների անցկացումը,
- ցուցահանդեսների, համերգների և ներկայացումների կազմակերպումն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում,
- մշակութային դասախոսությունների, սեմինարների, կլոր սեղան-քննարկումների կազմակերպումը,
- ֆիլմերի և ներկայացումների դիտումների, քննարկումների, ինչպես նաև նշանավոր մարդկանց հետ հանդիպումների միջոցով ուսանողության շրջանում ճաշակի ձևավորումը:
Կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները
Մշակույթի կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն են.
- համերգային ծրագրերի անցկացում ինչպես Երևանի պետական համալսարանում, այնպես էլ ՀՀ տարբեր մարզերում, Արցախում և արտերկրում,
- մշակույթի ոլորտի անվանի մարդկանց հետ հանդիպումների կազմակերպում,
- այցելություն թատրոններ` կազմակերպելով դիտում-քննարկում տվյալ ներկայացման ստեղծագործական խմբի հետ,
- ֆիլմերի դիտում-քննարկումներ,
- այցելություն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն,
- մասնակցություն քաղաքային մեծամասշտաբ միջոցառումների, հեռուստատեսային հաղորդաշարերի, տեսահոլովակների նկարահանումների: