Ի՞նչ ենք հասկանում՝ «արգելված գրականություն» ասելով
Ս․թ․ մարտի 19-ին՝ ժամը 14։30-ին, ԵՊՀ պատմության թանգարանում (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ) «Ի՞նչ ենք հասկանում՝ «արգելված գրականություն» ասելով» խորագրով բանախոսությամբ հանդես կգան գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը։
Արգելված գրականություն եզրույթը վերաբերում է այն գրքերին, հոդվածներին, ստեղծագործություններին կամ գրական այլ նյութերի, որոնց շրջանառությունը որոշակի պատճառներով արգելվում և սահմանափակվում է հանրության համար: Արգելման պատճառներ կարող են լինել քաղաքական, կրոնական, սոցիալական կամ մշակութային իրողությունները:
Գրականության պատմության մեջ մի շարք հայտնի գործեր արգելվել են այն պատճառով, որ քննադատել են իշխանություններին, խախտել են հասարակական նորմերը կամ շոշափել են զգայուն թեմաներ, ինչպես, օրինակ, ռասիզմ, անհանդուրժողականություն և այլն:
Տարբեր ժամանակահատվածներում արգելվել են Չարլզ Դիքենսի, Ջեկ Լոնդոնի, Էռնեստ Հեմինգուեյի, Ալեքսանդր Սոլժինիցինի, Բորիս Պաստեռնակի, Ջորջ Օրուելի, Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի, Հովհաննես Շիրազի և այլոց երկերը, աշխատությունները։