ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի հանդիսավոր նիստերի դահլիճում տեղի ունեցավ հայտնի գիտնական Պոլ Դևիսի (Paul Davies)՝ «Բաց հարցեր արդի ֆիզիկայում» խորագրով սեմինարը:
Ֆիզիկան միշտ եղել է մարդկության գիտելիքի ու խորը հարցումների ամենակարևոր բնագավառներից: Կայացած սեմինար-քննարկումը կարևոր է, քանի որ այն վերաբերում է այնպիսի հիմնարար հարցերի, որոնք մարդկությունը դեռևս չի կարողացել լուծել, սակայն դրանց պատասխանները կարող են էականորեն փոխել մեր՝ տիեզերքի և կյանքի մասին պատկերացումները։ Այս հարցերի պատասխանները թույլ կտան ավելի ճշգրիտ ու ամբողջական պատկերացում կազմել տիեզերքի կառուցվածքի, ժամանակի, տարածության ու կյանքի գոյության մասին։ Նմանօրինակ քննարկմների միջոցով ոչ միայն նոր հարցադրումներ են արվում, այլև առաջ են քաշվում գիտական նորագույն ուղղություններ, որոնք մղում են գիտնականներին փորձելու բացահայտել մինչ օրս գոյություն ունեցող անորոշությունները: Սա նաև խթանում է միջազգային գիտական համագործակցությունը նոր գաղափարների փոխանակման, միասնական ջանքերով գլոբալ հարցերի լուծման տեսանկյունից:
Սեմինարի ընթացքում քննարկվեցին, թե ի՞նչ է տեղի ունեցել Մեծ պայթյունից՝ տիեզերքի սկզբից առաջ, հնարավո՞ր է իրականացնել ճամփորդություն ժամանակի միջով, արդյո՞ք մենք ապրում ենք բազմատիեզերքում (multiverse), ի՞նչ է մութ նյութը, գոյություն ունի՞ այլմոլորակային կյանք, որոնք են ֆիզիկայի օրենքների սկզբնավորման ակունքները և այլն:
Պոլ Դևիսը «Գիտության հիմնարար հասկացություններ» (BEYOND) կենտրոնի տնօրենն է, Արիզոնայի պետական համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր: Նրա հետազոտական հետաքրքրությունները վերաբերում են տիեզերագիտության, դաշտի քվանտային տեսության և աստղակենսաբանության ոլորտներին: Գիտնականը կոր տարածություններում (գրավիտացիոն դաշտերում) դաշտի քվանտային տեսության հիմնադիրներից է։ Մասնագիտական գրականությունում լավ հայտնի են «Բանչ-Դևիսի վակուումային վիճակ» և «Ֆուլլինգ-Ունրու-Դևիսի երևույթ» հասկացությունները։ Պոլ Դևիսի՝ կոր տարածություններում դաշտի քվանտային տեսության վերաբերյալ մենագրությունը սեղանի գիրք է այդ ասպարեզում աշխատող գիտնականների համար։ Ֆիզիկայի վերոգրյալ ուղղությունը նաև ԵՊՀ տեսական ֆիզիկայի լաբորատորիայի գիտական հետազոտությունների հիմնական ոլորտներից է։ Այդ ուսումնասիրությունները սկսվել են ակադեմիկոս Գուրգեն Սահակյանի նախաձեռնությամբ անցյալ դարի ութսունական թվականների սկզբին։
Պոլ Դևիսը մեծ ներդրում ունի նաև գիտության հանրայնացման գործում. մոտ 30 հանրամատչելի գրքերի հեղինակ է, վարում է հաղորդումներ ռադիոյով և հեռուստատեսությամբ։