
Եվրոպագիտություն
Մագիստրոսական ծրագիր
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնն իրականացնում է «Եվրոպագիտություն» մագիստրոսական ծրագիրը, որը մշակվել է Եվրոպայի առաջատար հետազոտական համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների հետ համատեղ:
1,5 տարի տևողությամբ «Եվրոպագիտություն» միջմասնագիտական մագիստրոսական կրթական ծրագրի (90 կրեդիտ) նպատակն է եվրոպական կառույցների քաղաքականության, տնտեսության, գործընկերության և անվտանգության համակարգերի ուսումնասիրության միջոցով զարգացնել ուսանողների վերլուծական հմտությունները և խնդիրների լուծման կարողությունները:
Ծրագիրը պատրաստում է եվրոպական ինտեգրման արդյունավետության գնահատման ու եվրոպականացման գործընթացների վերլուծության բարձրակարգ մասնագետներ, որոնք տիրապետում են համեմատական եվրոպագիտության մեթոդաբանությանը, ինչպես նաև եվրոպական ինտեգրման մոդելների և ռազմավարությունների մշակման համար պահանջվող կիրառական խնդիրների լուծման գործիքակազմին:
Ծրագիրը նպատակ ունի նաև ուսանողներին ապահովելու գիտելիքներով, հմտություններով և կարողություններով, որոնք անհրաժեշտ են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, գիտահետազոտական կենտրոններում, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպություններում աշխատելու համար: Այդ նպատակներին հասնելու համար կենտրոնն անցկացնում է նորարական և միջմասնագիտական դասընթացներ:
Դասընթացներն անցկացվում են հայերենով և անգլերենով: Ծրագրի շրջանակում դասավանդում են դասախոսներ՝ Հայաստանից և եվրոպական այլ երկրներից:
«Եվրոպագիտություն» մասնագիտության մագիստրոսական ծրագրի արտադրական և ուսումնական պրակտիկաների տևողությունն ութ շաբաթ է: Յուրաքանչյուր ուսանող ունի հնարավորություն ընտրելու կամ առաջարկելու իր նախընտրած միջազգային կազմակերպությունը կամ պետական կառույցը: Ուսանողներն արտադրական պրակտիկան անցնում են հետևյալ կառույցներում՝ ՀՀ նախագահի աշխատակազմ, ՀՀ արդարադատության և ֆինանսների նախարարություններ, բանկային համակարգ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
«Եվրոպագիտություն» մագիստրոսական ծրագիրը բաց է բոլոր այն դիմորդների համար, որոնք ունեն բակալավրի աստիճան, տիրապետում են հայերենին և անգլերենին:
Ի՞նչ է հարկավոր ներկայացնել
Մագիստրատուրայի ընդունելության համար դիմորդները պետք է մուտքագրեն հետևյալ փաստաթղթերը (սքանավորված)․
ա. բարձրագույն կրթության դիպլոմը և դիպլոմի միջուկը* (միջուկի 1-ին էջը և գնահատականների միայն հայերեն հատվածը),
բ. լուսանկար՝ 3X4 չափսի,
գ. զինվորական գրքույկի (առկայության դեպքում) բնօրինակը (անհրաժեշտ է ներբեռնել 1-4-րդ և 18-19-րդ էջերը),
դ. անձնագիրը (1-4-րդ էջերը) կամ նույնականացման քարտը (երկկողմանի),
ե․ մոտիվացիոն նամակ (նամակն անհրաժեշտ է ուղարկել info@ces.am էլհասցեին)
զ. ընդունելության ծառայությունների համար գանձվող 3000 դրամի վճարման անդորրագիրը (ԵՊՀ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի 2470101276000001 հաշվեհամարին)։
Եթե փոխանցումը կատարված է առցանց տարբերակով, և անդորրագրի վրա չեն երևում վճարման նպատակը և դիմորդի անուն-ազգանունը, ապա դրանք անհրաժեշտ է ձեռագիր ավելացնել և սքանավորել:
*2023 թ. ԵՊՀ շրջանավարտները (դեռևս դիպլոմ չստացած) պետք է ներկայացնեն ակադեմիական տեղեկագիր՝ կնքված և ստորագրված ֆակուլտետի դեկանի կողմից, իսկ ՀՀ այլ բուհերի՝ 2023 թ. շրջանավարտները (դեռևս դիպլոմ չստացած)՝ տվյալ բուհի ռեկտորի ստորագրությամբ տեղեկանք՝ բակալավրիատի շրջանավարտ լինելու մասին, և ակադեմիական տեղեկագիր՝ կնքված և ստորագրված:
Արտասահմանյան բուհի դիպլոմ ներկայացնելու դեպքում դիմորդը դիպլոմի հետ պետք է ներկայացնի նաև Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից տեղեկանք՝ դիպլոմի համարժեքության մասին:
ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է առցանց եղանակով՝ admission.ysu.am կայքէջի միջոցով (տես՝ «Դիմում-հայտի լրացման կարգ» բաժնում):
Ուսման վարձ և կրթաթոշակ
Ուսման վարձը՝ տարեկան 900 000 ՀՀ դրամ։
Առկա են սահմանափակ թվով անվճար տեղեր:
Ընդունելության կարգ
Բոլոր դիմորդները պետք է հանձնեն ընդունելության քննություն, որի արդյունքների հիման վրա կայացվում է ընդունելության մասին որոշում։
Ծրագրի ընդունելության պահանջների և ժամկետների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք www.ces.am կայքէջ։
Հարցաշար և գրականության ցանկ
«Եվրոպագիտություն» միջմասնագիտական մագիստրոսական ծրագրի ընդունելության
ՀԱՐՑԱՇԱՐ
- Եվրախորհրդի հիմնադրումն ու ընդլայնումը
- Եվրախորհրդի ինստիտուցիոնալ համակարգն ու գործառույթները
- Եվրաինտեգրման քաղաքական, սոցիալական, տնտեսական և հոգևոր-մշակութային նախադրյալները
- ՀՀ-Եվրախորհուրդ համագործակցության հիմնական ձևաչափերը
- Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիայի դերն ու նշանակությունը ՀՀ-ում
- ԵԱՀԿ-ի հիմնադրումն ու ընդլայնումը
- ԵԱՀԿ-ի ինստիտուցիոնալ համակարգն ու գործառույթները
- ՀՀ-ԵԱՀԿ համագործակցության հիմնական ձևաչափեր
- Եվրամիության հիմնադրումն ու ընդլայնումը
- Եվրամիության ինստիտուցիոնալ համակարգն ու գործառույթները
- Խորհրդարանական ժողովրդավարության մշակույթը ԵՄ անդամ պետություններում
- Կուսակցություններն ու քաղաքական խմբերը Եվրոպական խորհրդարանում
- Եվրոպական քաղաքացիական հասարակության ինստիտուցիոնալ համակարգը (հասարակական կազմակերպություններ, արհմիություններ, սոցիալական ցանցեր)
- Եվրոպական հարևանության քաղաքականության սուբյեկտները, նպատակներն ու խնդիրները:
- Արևելյան գործընկերության սուբյեկտները, նպատակներն ու խնդիրները
- ՀՀ-ԵՄ գործընկերության և համագործակցության հիմնական մակարդակները
- ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության ընդհանուր բնութագիրը Հարավային Կովկասում
- Մարդու իրավունքների պաշտպանության ներպետական և Եվրոպական ընթացակարգերը (ԵՄ, ԵԽ, ԵԱՀԿ)
- Հարավային Կովկասը Եվրաինտեգրման գործընթացում
- ՀՀ քաղաքական համակարգը Եվրաինտեգրման գործընթացում
- ՀՀ կուսակցությունները Եվրաինտեգրման գործընթացում
- ՀՀ տնտեսությունը Կոպենհագենի տնտեսական չափանիշների տեսանկյունից
Գրականության ցանկ
- Ալեքսանյան Ա., Արևմտյան ժողովրդավարությունների քաղաքական համակարգեր. Տեսություն և արդիականություն: Եր., 2009:
- Հայրապետյան Գ., Բաղդասարյան Վ., Հայաստանի տնտեսությունը Կոպենհագենի տնտեսական չափանիշների տեսանկյունից (վերլուծություն)։
- Քաղաքագիտություն: Ուսումնական ձեռնարկ (Խմբ. Մանուչարյան Հ. Գ. և ուրիշներ): Եր.: ԵՊՀ հրատ., 2006:
- Եվրոպական արհմիությունների համադաշնություն։
- Եվրոպական ՀԿ-ներ։
- Տեղեկատվական պարբերական «Եվրոպան այսօր» (հանդես 1)։
- Տեղեկատվական պարբերական «Եվրոպան այսօր» (հանդես 2)։
- Տեղեկատվական պարբերական «Եվրոպան այսօր» (հանդես 3)։
- Eastern Partnership Civil Society Forum․
- EUROPA-Connect with EU on Social Networks․
- Use of Social Media in EU communication – European Commission․