Անգլերեն լեզու և գրականություն
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Ընդունելությունը կազմակերպվում է ՀՀ Կառավարության հաստատած «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգ»-ի համաձայն:
Դիմորդը ընդունելության քննություններ է հանձնում «Հայոց լեզու և գրականություն» (գրավոր) և «Անգլերեն» (գրավոր) առարկաներից։
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է անգլերենի և անգլիալեզու գրականության վերաբերյալ տեսական գիտելիքներ հաղորդել ուսանողներին, լուսաբանել լեզվի ուսուցման ժամանակակից մեթոդները, ուղղությունները և եղանակները, ինչպես նաև զարգացնել անգլերենով ազատ շփման այնպիսի հմտություններ, որոնք անհրաժեշտ են հասարակական գործունեության բազմազան ոլորտներում մասնագիտական գործունեություն ծավալելու համար:
Առավելությունները
Ծրագրի մրցակցային առավելություններից է անգլերենով բազմազան նոր գիտակարգերի (մեդիագրագիտություն, իրավաբանական անգլերեն, տուրիզմի անգլերեն, անգլիալեզու գրականությունը կինոյում, անգլիալեզու գիտաֆանտաստիկայի լեզուն և ոճը, անգլիալեզու մանկագրության լեզուն և ոճը, լեզու և քաղաքականություն և այլն) ուսուցման կարևորումը:
Կրթական ծրագրի շրջանակում զարգացվելու են բանասիրությանն առնչվող մասնագիտական կարողությունները, բանասիրության բնագավառում կիրառվող տեսագործնական մոտեցումները, հասարակական կյանքի տարբեր ոլորտներին առնչվող գործնական գիտելիքներն ու հմտությունները: Կարևորվում և խրախուսվում են նաև քննադատական և վերլուծական հմտությունները, որոնք անհրաժեշտ նախապայմաններ են հետագա աշխատանքային գործունեության համար: Սա նշանակում է, որ բանասիրության տեսությանն առնչվող հիմնախնդիրներից բացի՝ մեծապես կարևորվելու է հասարակական գործունեության դաշտում (կրթություն, մեդիա, գործարար ոլորտներ, տուրիզմ և այլն) գործնական շփման ունակությունների զարգացումը:
Կարիերայի հնարավորությունները
Ծրագիրը նպատակ ունի պատրաստելու մասնագետներ, որոնք իրենց մասնագիտական ազատ շփման ժամանակակից հմտությունների և համապատասխան ռազմավարության կիրառման շնորհիվ կկարողանան դիմակայել շուկայական մրցակցությանը և իրենց տեղն ապահովել ժամանակակից աշխատաշուկայում:
Շրջանավարտները կարող են աշխատել մասնագիտական ուղղվածություն ունեցող տարբեր հաստատություններում (օրինակ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, ՀՀ ԱԳ նախարարություն) և ձեռնարկություններում, հանրապետական և միջազգային տարբեր կազմակերպություններում (օրինակ՝ UNICEF, USAID, Peace Corps), արդյունաբերության, առևտրի, տուրիզմի, բանկային համակարգի հետ առնչվող այն բոլոր ոլորտներում, որտեղ պահանջվում է անգլերենի կատարյալ իմացություն և զբաղեցնել այնպիսի պաշտոններ, ինչպիսիք են, օրինակ՝ մենեջերի, էքսկուրսավարի, մամուլի քարտուղարի, խմբագրի և այլն:
ԵՊՀ-ում համապատասխան դասընթացներին մասնակցելուց հետո շրջանավարտները կարող են դասավանդել հիմնական, միջնակարգ և միջին մասնագիտական հաստատություններում (օրինակ՝ State Humanitarian College, Yerevan State College of Informatics, Երևանի զբոսաշրջության սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ) և լեզվի կենտրոններում (ESOLAR, Universe Language and Training Centre, Ginkgo, Global Bridge):
Շրջանավարտները կարող են նաև շարունակել իրենց ուսումը մագիստրատուրայում:
Կոնտակտներ
englishphil20@gmail.com