Կիրառական լեզվաբանություն
Մագիստրոսական ծրագիր
Կիրառական լեզվաբանության մագիստրոսական ծրագիր
Առաջարկվող 1․5 տարի (90 կրեդիտ) տևողությամբ մագիստրոսական կրթական ծրագիրը` Կիրառական լեզվաբանություն (անգլերեն), միջգիտակարգային լեզվաբանական ոլորտ է, արծարծում է ժամանակակից լեզվաբանության տեսության և պրակտիկայի հետ առնչվող մի շարք խնդիրներ՝ հնարավորություն է տալիս շրջանավարտներին աշխատելու կիրառական բազմաթիվ և բազմազան ոլորտներում։
Ծրագրի վերանայված տարբերակի տևողությունը (երեք կիսամյակ) հիմնավորվում է այն հանգամանքով, որ ուսումնասիրվող գիտակարգերը, տեսական և գործնական հմտությունների ուսուցումը հնարավոր է իրականացնել ոչ թե երկու, այլ մեկ ու կես տարում, ոչ թե չորս, այլ երեք կիսամյակում, քանի որ հիմնականում բակալավրի ծրագիրը բարձր առաջադիմությամբ ավարտած ուսանողներն արդեն իսկ տիրապետում են լեզվական (տեսական և գործնական) և մասնագիտական տարատեսակ հմտությունների, շատերը արդեն աշխատում են կիրառական տարբեր ոլորտներում, հեշտությամբ են յուրացնում նույնիսկ բարդ համարվող գիտելիքները, կարողանում են առաջին իսկ կիսամյակից աշխատել մագիստրոսական թեզի վրա, որի համար արդեն լրացուցիչ ժամանակ հատկացնելու անհրաժեշտությունը նվազում է։ Բացի այդ, ծրագրի իրականացման նախորդ տարիների ընթացքում տվյալ բաժնի ուսանողների և շրջանավարտների շրջանում անցկացված հարցումները վկայում են, որ ուսանողները չեն վարանել իրենց կարծիքը արտահայտել դասավանդվող դասընթացների առավել կամ պակաս արդյունավետության և կիրառական ու տեսական մասնագիտական նոր առարկաների ներմուծման ցանկալիության վերաբերյալ: Ծրագրի մոնիթորինգի արդյունքում ձեռնարկված քննարկումները բերել են այն համոզման, որ ուսուցման արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է վերանայել դասավանդվող մոդուլները՝ դրանց վերջնարդյունքներն առավելագույնս մոտեցնելով աշխատաշուկայի ներկայումս առաջ քաշվող պահանջներին:
Այսպիսով, հաշվի առնելով գործող ծրագրի բոլոր առավելություններն ու թերի կողմերը՝ ամբիոնը եկել է այն համոզման, որ անհրաժեշտություն կա ծրագիրը բարեփոխելու և այն հագեցնելու ժամանակակից լեզվաբանության դաշտում կարևորվող այնպիսի խնդիրներով ու հարցադրումներով, որոնք այն առավելագույնս կմոտեցնեն լեզվաբանության ժամանակակից միջազգային ընկալումներին և ուսուցման չափանիշներին: Իրականացվող բարեփոխումներն անկասկած դրական անդրադարձ կունենան ուսանողների կրթական և ապագա աշխատանքային գործընթացների վրա և
կապահովեն մասնագիտական գործունեության առավել լայն հնարավորություններով: Ծրագրի իրականացման առաջարկվող մեկ և կես տարի տևողությունը մի կողմից հնարավորություն կտա առավել արդիական դարձնել ծրագիրը՝ ավելացնելով դասընթացների հագեցվածությունը և ընդհուպ մոտեցնել այն ժամանակակից կյանքի առաջադրած պահանջներին: