ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը այս տարի նշում է իր կազմավորման 90-ամյակը։ Այս առիթով համալսարանում կանցկացվի «90-ամյա գերազանցություն» խորագրով միջոցառում, որի շրջանակում անդրադարձ է կատարվելու ֆակուլտետի անցած ուղուն, գրանցած հաջողություններին և ձեռքբերումներին։ Ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը ներկայացրեց հոբելյանական միջոցառման ծրագիրը։
Չնայած գործընկերների բազմաթիվ առաջարկներին՝ միջոցառումն անցկացնելու մշակութային, հասարակական և բիզնես կենտրոններից որևէ մեկում, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանի որոշմամբ՝ միջոցառումն անցկացվելու է բացառապես ԵՊՀ-ում՝ հենց մայր բուհում՝ հարթակ ստեղծելով համալսարանական հանրույթի համախմբան համար։
Միջոցառումը ոչ միայն ֆակուլտետի անցած փառավոր ուղու ամփոփում է լինելու, այլև ապագա տեսլականի հանրահռչակման և մասնագիտական համայնքի հետ նոր համագործակցության մեկնարկի կարևոր առիթ։
Ըստ ֆակուլտետի դեկանի՝ օրը նշանավորվելու է ֆակուլտետի համար կարևորագույն իրադարձությամբ՝ վաստակավոր երկրաբան Պետրոս Ալոյանի անվան գեոինովացիոն կրթական կենտրոնի բացմամբ, որը միջազգային չափանիշներին համապատասխան վերանորոգվել և կահավորվել է Պետրոս Ալոյանի ընտանիքի հովանու ներքո:
Միջոցառման շրջանակում ազդարարվելու է ֆակուլտետի գիտխորհրդի կողմից նախապես հաստատված որոշման՝ ֆակուլտետին կից խորհրդատվական մարմին ստեղծելու մասին:
Խորհրդատվական մարմնի կազմում ընդգրկվելու են ֆակուլտետի՝ մեծ հաջողությունների հասած շրջանավարտներ, որոնք իրենց մասնագիտական ոլորտներում ճանաչված և կայացած մասնագետներ են՝ պատրաստ ամեն կերպ աջակցելու և նպաստելու ֆակուլտետի զարգացմանն ու առաջընթացին:
Հոբելյանական միջոցառման շրջանակում թողարկվել են ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հուշամեդալներ, որոնց վաճառքից ստացված հասույթը՝ որպես կրթաթոշակ, ուղղվելու է ֆակուլտետի ուսանողներին՝ նպատակ ունենալով խրախուսելու ուսումնառության ընթացքում ցուցաբերած բարձր առաջադիմությունը:
Ֆակուլտետի անցած ուղին ամփոփվելու է կարճամետրաժ ֆիլմով, որի նկարահանման համար բազմաթիվ արխիվային փաստաթղթերի ուսումնասիրության շնորհիվ վերհանվել է ֆակուլտետի պատմությունը:
Միջոցառման ընթացքում նախատեսվում է մշակութային դադար, որի ընթացքում ելույթ կունենան ԵՊՀ մշակույթի կենտրոնի մրցանակակիր սաները՝ ֆակուլտետի ուսանողները:
Սարգիս Քելյանը հավելեց նաև, որ ֆակուլտետի 90-ամյակի առթիվ ս․թ․ մայիսի 31-ին կազմակերպվել էր «Ռեսուրսային ներուժի օգտագործման, տնտեսության զարգացման և տարածքային կազմակերպման ժամանակակից հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողով, որին մասնակցել են անվանի գիտնականներ շուրջ 7 երկրներից՝ ներկայացնելով երկրաբանական և աշխարհագրական գիտությունների առաջնահերթությունները: Ըստ նրա՝ նախատեսվում է հետագայում պարբերաբար անցկացնել նմանօրինակ գիտաժողովներ՝ հնարավորություն ընձեռելով պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին ներկայացնելու իրենց գիտական աշխատանքները ոլորտի արդի հարցերի և զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ:
Այսպիսով, նոյեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, սիրով հրավիրում ենք ԵՊՀ մեծ դահլիճ՝ մասնակցելու ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը։