Անտառագետի, Ջրաբանի և Օդերևութաբանի մասնագիտական օրերի առթիվ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի նախաձեռնությամբ անցկացվեց «Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի արդի հիմնախնդիրները փոփոխվող կլիմայի պայմաններում. հարմարվողականություն, կայունություն և արտադրական գործընթաց» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը:
Գիտաժողովի ընթացքում քննարկվել և ներկայացվել են հիդրոօդերևութաբանության, շրջակա միջավայրի մոնիթորինգի, կենսաբազմազանության և էկոլոգիական անվտանգության ապահովման բնագավառում հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների զարգացման ձեռքբերումներն ու հեռանկարները, բացահայտվել և վերհանվել են հիդրոօդերևութաբանության ոլորտում առկա գերակա խնդիրները, զարգացման օրինաչափությունները և հեռանկարները, ժամանակակից հասարակության զարգացման և էկոհամակարգի իրավական կարգավորման տնտեսակառավարման հիմնախնդիրները, գնահատվել է վերջինիս դերը տարածաշրջանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում, վերլուծվել և գնահատվել են շրջակա միջավայրի արդի վիճակը, կլիմայի փոփոխության հիմնահարցերը:
Գիտական միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը և «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:
Անցանց և առցանց ձևաչափերով հնչեցին 65 զեկույցներ, որոնց զգալի մասն ունի գիտական մեծ արժեք և գիտակիրառական մեծ ներուժ: Ընդհանուր առմամբ, գիտաժողովին մասնակցել են ավելի քան 200 մասնակիցներ (առկա և առցանց), այդ թվում՝ պետական պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայաստանյան և օտարերկրյա բուհերի ներկայացուցիչներ, հանրաճանաչ անձինք: Գիտաժողովին մասնակցում էին անվանի գիտնականներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Ուզբեկստանից, Բելառուսից, Տաջիկստանից: Գիտական այս միջոցառման հիմնական ձեռքբերումներից էին միջազգային համագործակցության ընդլայնումը և փորձի փոխանակումը:
Գիտաժողովի ավարտին զեկուցողներին հանձնվեցին հավաստագրեր և շնորհակալագրեր:

Գիտաժողովի շրջանակում մասնակիցներն այցեցին Դիլիջան՝ նպատակն ունենալով ծանոթանալու դեպի Դիլիջան տանող ճանապարհին առկա ֆիզիկաաշխարհագրական կարևոր օբյեկտներին և պատմամշակութային հուշարձաններին, ինչպես նաև դիտարկելու և քննարկելու վերջիններիս առանձնահատկությունները, դրանց ունեցած դերն ու նշանակությունը մեր հանրապետության զբոսաշրջության զարգացման ոլորտում: Խումբն այցելեց նաև Սևանա թերակղզի, «Սևան» օդերևութաբանական կայան, Սևանավանք վանական համալիր, ապա՝ Ձկնագետ և Աղստև գետերի հուներ՝ դիտարկելու տարվա այդ ժամանակշրջանում գետերին բնորոշ յուրահատկությունները, «Դիլիջան» ազգային պարկ, Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն, Պարզ լիճ, Հաղարծին վանական համալիր:
«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի գիտության մշտադիտարկման և զբոսաշրջության բաժնի կենսաբան Անի Սաֆարյանը ներկայացրեց ազգային պարկի ընդհանուր գործունեությունը, կենսաբազմազանությունը և Կարմիր գրքում գրանցված տեսակները:
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը մեծապես կարևորում է այսօրինակ գիտական միջոցառումները, ուստի ֆակուլտետի նախաձեռնությամբ պարբերաբար կազմակերպվել և կազմակերպվելու են նման միջոցառումներ՝ նպատակ ունենալով ամրապնդելու գործընկերային կապերը, ինչպես նաև ծանոթանալու միջազգային փորձին։