Արևելագիտության հայկական դպրոցն արմատներով հասնում է Վիեննայի ու Վենետիկի Մխիթարյան միաբանություն և Ռուսաստանում առաջին արևելագիտական օջախ` Արևելյան լեզուների Լազարյան ճեմարան։ Երևանի պետական համալսարանում արևելագիտական դասընթացներ դասավանդվել են բուհի հիմնադրման առաջին իսկ տարիներից:
Արևելագիտության առաջին դասախոսը գրականագետ և արևելագետ Գևորգ Ասատուրն էր, որը 1921 թ. աշխատանքի է հրավիրվել որպես վրացերենի և Արևելքի գրականության դասախոս: 1923 թ. Թավրիզից ԵՊՀ է հրավիրվել ականավոր լեզվաբան Հրաչյա Աճառյանը: 1940 թ. սեպտեմբերից Հր. Աճառյանի նախաձեռնությամբ ստեղծվել է Արևելյան բանասիրության ամբիոն, նույն թվականին բացվել է նաև Արևելյան լեզուների և գրականության բաժինը, որի հիման վրա 1968 թ. կազմավորվել է Արևելագիտության ֆակուլտետը։ Տարբեր տարիների այն ղեկավարել են պրոֆեսորներ Գևորգ Նալբանդյանը, Բորիս Բալայանը, Մերի Քոչարը, Գուրգեն Մելիքյանը:
Ֆակուլտետում գործում է առկա ուսուցման եռաստիճան համակարգ՝ բակալավրիատական, մագիստրոսական և ասպիրանտական։
Ֆակուլտետում դասավանդում են ոլորտի առաջատար մասնագետներ, որոնք արտերկրի համալսարաններում հանդես են գալիս դասախոսություններով, վերապատրաստումներ են անցնում միջազգային հեղինակավոր ուսումնական և գիտական հաստատություններում։ Միևնույն ժամանակ՝ ֆակուլտետում պարբերաբար դասախոսություններ են կարդում միջազգային ճանաչում ունեցող հեղինակավոր գիտնականներ։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը համագործակցում է միջազգային առաջատար կրթական և հետազոտական մի շարք կենտրոնների հետ (ՌԴ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ, Մոսկվայի պետական համալսարան, Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտ (Մոսկվա), Հորդանանի համալսարան, Քուվեյթի համալսարան, Կահիրեի համալսարան), Թեհրանի, Սպահանի, Յազդի, «Ջունդիշապուրի», Նիշապուրի և Թավրիզի համալսարանների, Համբուրգի և Բոննի համալսարանների, Սորբոնի համալսարանի, Ավստրիայի գիտությունների ակադեմիայի և Կալիֆոռնիայի «Լոս Անջելես» համալսարանի, ինչպես նաև Ռուսաստանի, Ղազախստանի և Թուրքմենստանի առաջատար բուհերի հետ:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը համագործակցում է ՀՀ-ում գործող գիտական և կրթական գրեթե բոլոր հաստատությունների հետ, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի և Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի հետ։ Ամբիոնների աշխատակիցներն ընդգրկված են ՀՀ գիտության կոմիտեի դրամաշնորհային ծրագրերում։ Ծրագրեր են իրականացվում Աբդուլազիզ Սաուդ ալ Բաբտեյնի անվան արաբական մշակույթի կենտրոնի ֆինանսական աջակցության շրջանակում:
Արևելագիտության ֆակուլտետի լավագույն ուսանողներն ստանում են անվանական կրթաթոշակներ։
Ֆակուլտետում ուսանողական տարիներն առավել հետաքրքիր դարձնելու նպատակով գործում են ֆակուլտետային ուսանողական կառույցները։ Ֆակուլտետի ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու գործընկեր հաստատություններում կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին, ինչպես նաև «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կրթություն ստանալու եվրոպական համալսարաններում:
Ֆակուլտետի շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատելու պետական համակարգում, դեսպանատներում, գիտահետազոտական և կրթական կենտրոններում, միջազգային կազմակերպություններում, թարգմանական գրասենյակներում և այլուր։