ԵՊՀ-ում պատմության ֆակուլտետը գործում է համալսարանի հիմնադրման օրից՝ 1919 թվականից։ Այն սկզբում գործել է ինքնուրույն, ապա հանդես եկել որպես պատմալեզվագրական ֆակուլտետի բաժին, այնուհետև՝ հասարակագիտական բաժանմունքի ենթաբաժին, ապա՝ մանկավարժության, արևելագիտության ու պատմագրության ֆակուլտետների բաժին։ Որպես ինքնուրույն միավոր` պատմության ֆակուլտետը կազմավորվել է 1936 թ․:
Ֆակուլտետում գործում է ուսուցման եռաստիճան համակարգ՝ բակալավրիատական, մագիստրոսական և ասպիրանտական։
Ֆակուլտետում դասավանդում են ոլորտի առաջատար մասնագետներ, հանրապետությունում հայտնի գիտնականներ, որոնք՝ որպես հրավիրյալ մասնագետներ, դասախոսություններ են կարդում արտերկրի համալսարաններում, վերապատրաստումներ են անցնում միջազգային հեղինակավոր ուսումնական և գիտական հաստատություններում։ Պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները ներգրավված են տեղական ու միջազգային գիտահետազոտական ծրագրերում։
Պատմության ֆակուլտետը համագործակցում է Օքսֆորդի և Ժնևի համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների, Կա Ֆոսկարի, Միչիգանի, Հալլեյի, Բուդապեշտի համալսարանների, ինչպես նաև Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի, Հարավային դաշնային համալսարանի (ՌԴ), Բորիս Ելցինի անվան համալսարանի, Իվանե Ջավախաշվիլու անվան համալսարանի և գիտակրթական այլ կառույցների հետ։
Ֆակուլտետում ուսանողական առօրյան ավելի հագեցած ու հետաքրքիր է դառնում ուսանողական կառույցների ակտիվ գործունեության շնորհիվ։ Փոխանակման ծրագրերի շրջանակում ֆակուլտետի ուսանողները հնարավորություն ունեն կրթություն ստանալու արտերկրի հեղինակավոր համալսարաններում։
Բակալավրիատի ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու մանկավարժական կրթաբլոկի դասընթացներին (վճարովի հիմունքով) և ստանալու մանկավարժի որակավորում։
Հիմնադրման օրից մինչ այսօր ֆակուլտետը տվել է ավելի քան 10000 շրջանավարտներ, որոնք աշխատում են պետական համակարգում, գիտության, կրթության, հասարակական կյանքի և այլ բնագավառներում: