Պատմություն
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
Դարեր շարունակ պատմությունը եղել է հայ մշակույթի աչքի ընկնող և զարգացած ոլորտներից մեկը: Հետևելով Մովսես Խորենացու մոտեցմանը և չնայելով մեր անցած ճանապարհի՝ ոգևորություն չառաջացնող բազում էջերին՝ հայերը շարադրել են պատմությունը, փորձել հասկանալ իրենց և շրջապատող աշխարհը:
Այսօր, երբ հայությունը ներքին ու արտաքին պատճառներով ստիպված է պատասխանելու մի շարք սպառնալիքների, մեծացել է պատմությանը դիմելու, այն համարձակորեն քննելու, նորովի գնահատելու և վերագնահատելու անհրաժեշտությունը: Մեր օրերում առաջնային նշանակություն է ստացել կենսունակ պետական ու ազգային գիտակցություն ունեցող քաղաքացիների, սերունդների ձևավորումը և առկա սպառնալիքների չեզոքացմամբ ամուր ու զարգացած պետության կառուցումը: Այդ խնդիրը լուծելու գործում կարևոր դեր ունեն պատմաբանները:
Այս տեսանկյունից՝ դարից ավելի պատմություն, ավանդույթներ ու փորձ ունեցող ԵՊՀ պատմության ֆակուլտետն առաջարկում է «Պատմություն» բակալավրի կրթական ծրագիրը:
Ընդունելության պահանջները
«Պատմություն» կրթական ծրագրով ընդունելության համար անհրաժեշտ է քննություններ հանձնել «Հայոց պատմություն» և «Հայոց լեզու և գրականություն» առարկաներից:
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակը հիմնարար գիտելիքներ, տեսական պատրաստվածություն ու գիտահետազոտական աշխատանք կատարելու կարողություն և հմտություններ ունեցող պատմաբաններ պատրաստելն է:
Առավելությունները
«Պատմություն» ծրագրի շրջանակում ձեռք բերված գիտելիքների ու հմտությունների շնորհիվ տասնամյակներ շարունակ և այսօր մեր շրջանավարտները բարձր, ղեկավար դիրքեր են զբաղեցնում քաղաքական դաշտում, պետական կառավարման տարբեր օղակներում (ՀՀ Կառավարություն, նախարարություններ, Ազգային ժողով, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ, ԱԱԾ, մարզպետարաններ, քաղաքապետարաններ, համայնքապետարաններ և այլն):
Կարիերայի հնարավորությունները
Առաջարկվող ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատանքի անցնելու ՀՀ ԳԱԱ պատմության, արևելագիտության ինստիտուտներում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և գիտահետազոտական այլ հաստատություններում: Սույն ծրագրի շրջանավարտները պահանջված են Հայաստանի ազգային արխիվում, տուրիստական գործակալություններում ու թանգարաններում, իսկ լրացուցիչ մանկավարժի որակավորում ձեռք բերելու դեպքում նաև դպրոցներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: