ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը և «BBC Media Action»-ը մոտ մեկ տարի է, ինչ համագործակցում են՝ նպատակ ունենալով թարմացնելու և բարելավելու «Լրագրություն» բակալավրի կրթական ծրագիրը՝ կենտրոնանալով «Թվային լրագրություն» և «Փաստերի ստուգում» դասընթացների վրա։
«BBC Media Action»-ը «BBC»-ի միջազգային բարեգործական կազմակերպությունն է։ Այն աշխատում է ավելի քան 30 երկրներում, այդ թվում՝ Արևելյան գործընկերության երկրներում (Հայաստան, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա)։
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ համագործակցության շրջանակում «BBC Media Action»-ը տրամադրել է դասընթացներ դասախոսների համար և կազմակերպել ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի այցը բրիտանական Քարդիֆ և Սիթի համալսարաններ։
Ժուռնալիստիկայի ֆակուլտետ են ժամանել «BBC Media Action»-ի դասընթացավարներ Քեյթ Հոյլանդը, Փոլ Մայլսը և Օլգա Սմիրնովան, անցկացրել փոդքասթինգի և մոբայլ լրագրության դասընթացներ դասախոսների համար։
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի և «BBC Media Action»-ի համագործակցության շրջանակում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը անցկացվել է «Բաց աղբյուրներից տեղեկությունների հավաքագրում» թեմայով եռօրյա դասընթացը դասախոսների համար։ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսները ծանոթացել են բաց աղբյուրներից տեղեկություններ ստանալու «BBC Verify»-ի փորձառությանը, նրանց կիրառած նորագույն մեթոդներին և գործիքներին:
Դասընթացը վարել է լրագրող, դասախոս և պրոդյուսեր Օլգա Սմիրնովան, որն ավելի քան 24 տարի աշխատել է «BBC»-ում՝ իր ներդրումն ունենալով լրատվամիջոցի հեռուստատեսային, ռադիո և օնլայն արտադրանքի ստեղծման ուղղությամբ։ Սմիրնովան աշխատել է նաև «BBC»-ի փաստերի ստուգման բաժնում՝ «BBC Verify»-ում։ Այժմ նա դասավանդում է նաև Օքսֆորդի Բրուքս համալսարանում։
Սմիրնովայի դասընթացը ներառում էր փաստերի ստուգման երեք հարթությունները՝ փաստերի ստուգման մեթոդներ, գործիքներ և ժանրեր։ Գործիքների մեջ նշանակալի կարևորություն ունեին՝
լուսանկարների ստուգման գործիքները («TinEye», «Google Lens», «Yandex»),
«Search4faces» գործիքի կիրառումը՝ մարդկանց դեմքերը ճանաչելու համար,
գեոլոկացիա «Google Earth»-ի և «Yandex» քարտեզների կիրառմամբ,
ինքնաթիռների թռիչքներին հետևելու գործիքներ և այլն։
Դասընթացավարը ներկայացրել է «BBC»-ի և հեղինակավոր այլ լրատվամիջոցների մոտեցումները, այդ թվում՝ տեքստային, մուլտիմեդիա, վիդեո տարբերակներով նյութեր պատրաստելու ընթացքում։ Այս փուլը ներկայացվել է նաև կոնկրետ օրինակներով և ուղեկցվել քննարկումներով։
Վերապատրաստման դասընթացը շատ կարևոր էր հատկապես Փաստերի ստուգման լաբորատորիայի նախագծման շրջանակում: Այն հնարավորություն կտա նաև թարմացնելու բաց աղբյուրներից տեղեկությունների հավաքագրմանն առնչվող թեմաների բովանդակությունը տարբեր դասընթացներում, վերափոխելու դրանց կառուցվածքը, ներառելու նորագույն գործիքների մասին տեղեկատվություն, կիրառելու դասավանդման նոր մեթոդներ: