ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հոգեկան առողջության համաշխարհային օրվան։
Միջոցառման առանցքում էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կարևոր սկզբունքը, այն է՝ հոգեկան առողջության պահպանումը մարդու իրավունքն է։
ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հ․գ․դ․, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը նշեց․ «Հոգեկան առողջության պահպանումը անձի կայուն և ակտիվ կենսագործունեության երաշխիքն է։ Ժամանակակից հոգեբանությունը մեծ ուշադրություն է դարձնում ոլորտի մասնագետների պատրաստվածությանը և կրթությանը՝ փորձելով ապահովել անձի հոգեկան առողջությունը բոլոր ոլորտներում՝ կրթություն, աշխատանք, ընտանիք և այլն»։
Միջոցառումը կազմակերպվել էր ինտերակտիվ մեթոդով․ առկա էին 8-ից ավելի տաղավարներ, որոնք առանձնանում էին հոգեկան առողջության պահպանման կիրառական ուղղություններով՝ արտթերապիա, հեքիաթաթերապիա, երաժշտաթերապիա և այլն։ Ըստ հ․գ․թ․, դոցենտ Հրաչյա Հովհաննիսյանի՝ այսօր Հայաստանում մասնագիտական կարևորագույն խնդիրներից մեկը հոգեբանության ոլորտի մասնագետների համախմբվածության և որակի պահպանումն է, միջազգային համագործակցությունների ապահովումը և դրանցում հոգեբանության տեսական ու գործնական գիտելիքների անընդհատ զարգացումը։
Ֆակուլտետում գործող «Psi chi» հոգեբանական միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը ֆակուլտետի ուսանողների մեծ ներգրավվածությամբ ներկայացնում էր ոչ միայն հոգեկան առողջության պահպանման կարևորությունը, այլև Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված հոգեկան առողջության չափանիշները և նորմերը։
Ֆակուլտետի ուսանողական խորհրդի աջակցությամբ պատրաստվել էին նաև իրազեկման տեսագրություններ, որոնցում ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներից յուրաքանչյուրն իր խոսքն էր ուղղում հանրությանը՝ վերջիններիս ուշադրությունը սևեռելով հոգեկան առողջության պահպանման կարևորությանը։
Միջոցառման ինտերակտիվ բնույթը նպաստեց նրան, մասնակիցները ներգրավվեն կազմակերպված հոգեբանական բազմաթիվ գործնական աշխատանքներում։
Հոգեկան առողջության իրազեկմանն ուղղված միջոցառմանը մասնակցում էին ոչ միայն ֆակուլտետի ուսանողները, այլև հյուրեր հարակից ֆակուլտետներից և բուհերից, ՀՀ ԳԱԱ-ից, ՀՀ պետական կառավարման ակադեմիայից, Հայաստանի հոգեբանների միության մասնագիտական ՀԿ-ից և այլն։
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր Ընդհանուր հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ և «Psi Chi YSU Armenia» միջազգային հոգեբանական գիտական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, ֆակուլտետի ՈՒԽ-ի և կամավորների աջակցությամբ։ Միջոցառման համակարգողն էր Ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ, հ․գ․թ․ Դիանա Սարգսյանը։