ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի «Հանրային գործընթացների հոգեբանական ուսումնասիրություններ» գիտական խումբը մարտի 2-7-ը հյուրընկալել էր «Հեռավար լաբորատորիաների հիմնադրում-2023» ծրագրի շրջանակում իրականացվող «Պատկանելություն, ազդելու կարողություն և քաղաքացիական գործողություն. հետհեղափոխական և (հետ)պատերազմական Հայաստանում քաղաքացիության ըմբռնումը սոցիալ-հոգեբանական հայացքով» գիտական դրամաշնորհային ծրագրի միջազգային համաղեկավար, սոցիալական-քաղաքական հոգեբան, Բիլեֆելդի համալսարանի (Գերմանիա) կոնֆլիկտի և բռնության ուսումնասիրությունների միջառարկայական կենտրոնի պրոֆեսոր Արին Այանյանին:
Աշխատանքային այցի շրջանակում դրամաշնորհային ծրագրի ղեկավար Ա. Այանյանը և Հանրային գործընթացների հոգեբանական ուսումնասիրությունների գիտական խումբն ունեցան հանդիպումներ, որոնց ժամանակ քննարկվեցին ծրագրի շրջանակում կատարվող աշխատանքները և ծրագրի ընդլայնման հեռանկարները:
Այցի շրջանակում պրոֆեսոր Այանյանը հանդես եկավ նաև դասախոսությամբ՝ խոսելով ռեպրեսիվ, ոչ դեմոկրատական համատեքստերում միկրո-անհատական մակարդակում խաղաղ քաղաքացիական բողոքներին մասնակցելու հիմքում ընկած սոցիալ-հոգեբանական տարբեր գործընթացների մասին՝ անդրադառնալով նրան, թե ինչպես է ճնշումը ձևավորում այդ գործընթացները՝ ներկայացնելով Եգիպտոսից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Հոնկոնգից և Թուրքիայից հավաքագրված քանակական և որակական տվյալների հիման վրա ստացված հետազոտությունների արդյունքները:
Պրոֆեսոր Այանյանը նաև անդրադարձավ, թե ինչ հնարավոր ուղղություններով կարելի է խորացնել անորոշությամբ և անկայունությամբ բնութագրվող համատեքստերում հավաքական գործողության մասին գիտելիքը։
Դասախոսությանը ներկա էին ուսանողներ, հոգեբանության, սոցիոլոգիայի և հարակից այլ ոլորտների հետազոտողներ: