Հոգեբանություն
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Բակալավրի առկա ուսուցման ծրագրի ընդունելությունը կատարվում է՝ ըստ ՀՀ կառավարության կողմից հաստատված համապատասխան կարգի:
Դիմորդները պետք է ընդունելության քննություններ հանձնեն հետևյալ առարկաներից՝ «Հայոց լեզու և գրականություն» (գ), «Օտար լեզու» (գ) կամ «Կենսաբանություն» (գ) առարկաներից:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է ուսանողներին տրամադրել բազմակողմանի գիտելիքներ հոգեբանության հիմնարար և կիրառական ոլորտների վերաբերյալ՝ ապագա մասնագիտական գործունեությանը համապատասխան, խթանել ուսանողների քննադատական մտածողությունը, տեսությունն ու պրակտիկան համադրելու և գնահատելու ունակությունը, օժտել ուսանողներին արդյունավետ կերպով գրավոր և բանավոր հաղորդակցվելու կարողություններով, խրախուսել ուսանողների ինքնուրույն աշխատանքը և պրակտիկ փորձի վրա հիմնված ուսումնառությունը։
Առավելությունները
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի նկարագրելու հոգեբանության հիմնական մեթոդաբանական սկբունքները, արդի և հիմնարար տեսությունները, ներկայացնելու դրանց առնչվող հայեցակարգերը, մոտեցումներն ու հասկացությունները, սահմանելու դրանց կիրառական նշանակությունը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, ներկայացնելու հոգեբանական հիմնախնդիրները՝ մարդու հոգեկան զարգացման օրինաչափությունները, մեխանիզմները, առանձնահատկությունները, հոգեկանի նորմալ և ախտաբանական դրսևորումները, սահմանելու հոգեբանական հետազոտության կազմակերպման, տվյալների հավաքագրման, արդյունքների վերլուծության և մեկնաբանման հիմնական մեթոդները, տարբերակելու դրանց կիրառման ուղիները, հնարավորությունները և սահմանափակումները, ներկայացնելու հոգեբանության հիմնարար և կիրառական բնագավառներին առնչվող հոգեբանական փաստերը և օրինաչափությունները, հասկանալու դրանց դերն ու նշանակությունը անհատի և հասարակության կյանքում, թվարկելու հոգեբանի մասնագիտական գործունեության հիմնական էթիկական սկզբունքները, մատնանշելու դրանց նշանակությունը և պահպանման անհրաժեշտությունը, անվանելու հոգեկան խանգարումների ախտանիշները և դասակարգման համակարգերը (DSM-5, ICD-11):
Ծրագրի շրջանավարտը կունենա գործնական մասնագիտական կարողություններ և ունակ կլինի կիրառելու հոգեբանական հետազոտության հիմնական մեթոդներն ըստ նշանակության, վերլուծելու և մեկնաբանելու ստացված արդյունքները մասնագիտական (աշխատանքի կամ ուսումնառության) խնդիրների լուծման համար, գործածելու հոգեճանաչման մեթոդներ, մասնագիտական վերլուծության օգնությամբ կատարելու հիմնավորված եզրահանգումներ, տարբերակելու և մեկնաբանելու հոգեբանական երևույթները, մարդու կյանքի և գործունեության տարբեր ոլորտներում առկա հոգեբանական խնդիրները, իրականացնելու այդ խնդիրների լուծմանն ուղղված գործողություններ, համադրելու հոգեբանական աշխատանքի տարբեր մոտեցումներ՝ ցուցաբերելով ստեղծագործական մոտեցում, գտնելու մասնագիտական լուծումներ՝ ծավալելով հանրօգուտ գործունեություն, կազմակերպելու իր աշխատանքային և (կամ) ուսումնական գործունեությունը ստացած տեսագործնական գիտելիքներին համապատասխան։
Կարիերայի հնարավորությունները
«Հոգեբանություն» կրթական ծրագրի շրջանավարտներն ինքնուրույն մասնագիտական գործունեության հնարավորություն կունենան հոգեախտորոշման, հոգեբանական աջակցության, առողջապահական, մասնագիտական գործունեության, սոցիալական խնամքի և կրթական ոլորտներում։
Շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատելու խնամքի և պաշտպանության կենտրոններում որպես սոցիալական խնամք և հոգեբանական աջակցություն իրականացնող մասնագետներ, հիմնական և ավագ դպրոցներում որպես հոգեախտորոշիչ, զարգացնող, հոգեշտկող և աջակցող հոգեբան-մասնագետներ, կազմակերպություններում որպես անձնակազմի հետ աշխատող հոգեբաններ, փորձառու հոգեբանի ղեկավարությամբ (սուպերվիզիայի ներքո) հոգեբանական ծառայության կենտրոններում որպես հոգեբանական ախտորոշում և աջակցություն իրականացնող մասնագետներ: Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրայում, հետագայում՝ ասպիրանտուրայում:
Կոնտակտներ
(+374 60) 710 632
phil_psy@ysu.am