Ռուս բանասիրության ֆակուլտետի պատմությունը սկիզբ է առել 1938 թ., երբ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում բացվել է Ռուսաց լեզվի և գրականության բաժինը: 1976 թ. բաժնի հիման վրա ստեղծվել է Ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը, որը հետագայում վերանվանվել է Ռուս բանասիրության ֆակուլտետ:
Ֆակուլտետում գործում է առկա ուսուցման եռաստիճան համակարգ` բակալավրիատական, մագիստրոսական և ասպիրանտական։
Ֆակուլտետում պատրաստվում են ռուսաց լեզու և գրականություն դասավանդողներ, թարգմանիչներ, գիտաշխատողներ, միջմշակութային հաղորդակցության մասնագետներ:
Բացի հանրակրթական հումանիտար և մասնագիտական (բանասիրական) դասընթացներից` դասավանդման ծրագրերում ներառված է հունարենի, լեհերենի, բուլղարերենի, չեխերենի խորացված ուսուցումը։
Ֆակուլտետում կատարվում են գիտահետազոտական աշխատանքներ հետևյալ ուղղություններով՝ ռուսաց լեզվի տեսության և դասավանդման մեթոդիկա, համեմատական-զուգադրական քերականություն, ռուս գրականության պատմություն, ռուս-հայկական գրական կապեր, թարգմանության տեսություն և պրակտիկա:
Ֆակուլտետը հրատարակում է «Вестник Ереванского университета. Русская филология» պարբերականը, որը ներառված է ՀՀ ԲՈԿ-ի համար ընդունելի գիտական պարբերականների ցանկում։
Ֆակուլտետում դասավանդում են առաջատար մասնագետներ, որոնք հեղինակ են ռուսաց լեզվի և ռուս գրականության հիմնահարցերին նվիրված մի շարք մենագրությունների, դասագրքերի, ձեռնարկների ու գիտական հոդվածների։ Նրանք ակտիվ մասնակցում են միջազգային գիտաժողովների, հանրապետական և համալսարանական ամենամյա գիտական նստաշրջանների, որոնց արդյունքում նույնպես ստեղծվել են ժողովածուներ և մենագրություններ:
Ֆակուլտետը սերտ համագործակցում է Ռուսաստանի Դաշնության համալսարանների և գիտական հաստատությունների, ինչպես նաև մի շարք այլ երկրների ռուսագիտական կենտրոնների հետ:
Ուսանողական կառույցների ակտիվ գործունեության շնորհիվ ֆակուլտետում ուսանողական առօրյան առավել հետաքրքիր է դառնում։ Ֆակուլտետի լավագույն ուսանողները փոխանակման ծրագրերի շրջանակում հնարավորություն ունեն մեկնելու Հունաստան և Լեհաստան՝ զարգացնելու մասնագիտական հմտություններն ու կարողությունները:
Ուսանողները հնարավորություն ունեն ստանալու մանկավարժի որակավորում՝ մասնակցելով մանկավարժական կրթաբլոկի դասընթացներին (վճարովի հիմունքով)։
Ֆակուլտետն աչքի է ընկնում նյութատեխնիկական հագեցվածությամբ և հարուստ գրադարանով:
Ֆակուլտետի շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատելու ՀՀ և արտերկրի գիտակրթական հաստատություններում, ռուսագիտական կենտրոններում, դեսպանատներում, տեղական ու միջազգային կազմակերպություններում, պետական և կառավարման բարձրագույն օղակներում, մասնավոր ձեռնարկություններում, թարգմանական գրասենյակներում, հանրակրթական դպրոցներում և այլուր։