Ս․թ․ ապրիլի 25-26-ին Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի հրավերով Երևանի պետական համալսարանում հյուրընկալվեցին Սլովակիայի Տրենչինի Ալեքսանդր Դուբչեկի անվան համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, համալսարանի քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսորներ Լյուդմիլա Լիպկովան և ամբիոնի վարիչ Կառոլ Յանասը, դասախոս Սիմոնա Ճուղուրյանը։
Աշխատանքային այցի օրակարգը բավականին հագեցած էր․ հանդիպում-քննարկումներ երկու ֆակուլտետները ներկայացնող աշխատանքային խմբերի անդամների, ինչպես նաև ընդլայնված կազմով՝ կլոր սեղան-քննարկում ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ, դասախոսություն միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար (դասախոսությամբ հանդես եկավ պրոֆեսոր Լյուդմիլա Լիպկովան), աշխատանքային հանդիպում ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանի հետ։
Աշխատանքային քննարկումների ընթացքում հստակեցվեցին երկու կողմերի գիտական հետաքրքրությունների շրջանակները, համատեղ գիտական նախագծերի իրականացման թեմատիկ ուղղությունները, պայմանավորվածություններ ձեռք բերվեցին համատեղ գիտական նստաշրջան կազմակերպելու Արցախյան հիմնախնդրի,
հակամարտությունների կարգավորման և կառավարման վերաբերյալ։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց գիտական նստաշրջանի ընթացքում ներկայացվելիք հոդվածների հրատարակության, աշխատանքային խմբերի հանդիպումների կազմակերպման և այլ հարցերի վերաբերյալ։
Երկուստեք կարևորվեց ակտիվ համագործակցության ու համատեղ աշխատանքի իրականացումը։ Ընդգծվեց երիտասարդ հետազոտողների՝ հատկապես ասպիրանտների ներգրավումը համատեղ գիտական նախագծերի իրականացման գործում։
Երկկողմ պայմանավորվածությունների արտահայտությունը դարձավ Երևանի պետական համալսարանի և Տրենչինի Ալեքսանդր Դուբչեկի անվան համալսարանի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը, որի դրույթների իրականացման պատասխանատվությունը վստահվեց Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, պ․գ․թ․, դոցենտ Ժակ Մանուկյանին և Տրենչինի Ալեքսանդր Դուբչեկի անվան համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կառոլ Յանասին։