Ս.թ. հունիսի 12-ին Երևանի պետական համալսարանում հյուրընկալվեց Հարավային Կովկասի խնդիրներով զբաղվող բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալը, որի հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է հարավկովկասյան հակամարտությունների ու տարածաշրջանային քաղաքականության թեմաները։
Թոմաս դե Վաալի և ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ինչպես նաև ուսանողների մասնակցությամբ կայացած կլոր սեղան-քննարկումը վերաբերում էր Հարավային Կովկասի արդի աշխարհաքաղաքական հիմնախնդիրներին, տարածաշրջանի առանձին պետությունների արտաքին քաղաքականությանը, անվտանգային հիմնախնդիրներին ու հնարավոր մարտահրավերներին, որոնք տարածաշրջանը պահում են մշտական փոփոխությունների ու զարգացումների շարունակական շղթայի մեջ։ Առանձնակի հետաքրքրության արժանացան Թոմաս դե Վաալի՝ Արցախյան հիմնախնդրի, դրա հանգուցալուծման, բանակցային գործընթացի, հիմնախնդրի վերաբերյալ հակամարտող կողմերի, նրանց որդեգրած քաղաքականության, ինչպես նաև հիմնախնդրից բխող մարտահրավերների ու առկա քաղաքական խնդիրների վերաբերյալ դիտարկումներն ու մեկնաբանությունները։
Հատուկ քննարկման արժանացան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների՝ Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ քաղաքականության, հարավկովկասյան տարածաշրջանում այդ պետությունների շահերի ու հետաքրքրություններին առնչվող հարցեր։
Քննարկումն անցկացվեց ակտիվ հարցուպատասխանով, մտքերի փոխանակմամբ և ավարտվեց Թոմաս դե Վաալի եզրափակիչ ելույթով, որն էլ հանդիսացավ կայացած բազմաբովանդակ, խիստ արդիական ու արդյունավետ կլոր սեղան-քննարկման ամփոփումը՝ համագործակցության և նմանաբովանդակ քննարկումները հաճախակի դարձնելու ցանկությամբ և պատրաստականությամբ։
Կլոր սեղան-քննարկումից հետո Թոմաս դե Վաալը հանդիպեց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցության հնարավորությունները։