Ս.թ. հոկտեմբերի 12-20-ը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ, դոցենտ, ԵՊՀ չինարենի և չինական մշակույթի կենտրոնի տնօրեն Սյուզաննա Նավասարդյանը Կոնֆուցիուսի ինստիտուտի «Ուսումնական հաստատությունների ղեկավարների այց Չինաստան» միջոցառման շրջանակում Դալյանի օտար լեզուների համալսարանի ռեկտորի` Լիու Հոնի (Liu Hong), Կոնֆուցիուսի ինստիտուտի նախագահ Յան Ուեյի (Yang Wei) և Կոնֆուցիուսի ինստիտուտի ղեկավար կազմի այլ ներկայացուցիչների հետ այցելել է Չինաստանի Դալյան և Պեկին քաղաքներ։
«Այցը կողմերին հնարավորություն տվեց գնահատելու համագործակցության արդյունքները, սահմանելու նոր նպատակներ և գործակցային կապերի հետագա ամրապնդման ուղենիշներ։ Երևանի պետական համալսարանը ներկայացավ որպես չինագիտության ոլորտում տարածաշրջանի առանցքային կենտրոններից մեկը»,- ընդգծեց Ս. Նավասարդյանը:
Նշենք, որ Չինարենի և չինական մշակույթի կենտրոնը ԵՊՀ-ում գործում է 2015 թվականից։ Ուսանողներին չինական մշակույթի և երկրի սոցիալ-քաղաքական կյանքին ծանոթացնելուց զատ՝ կենտրոնը կազմակերպում է նաև չինարենի վճարովի դասընթացներ համալսարանականների և ոչ համալսարանականների համար։
Կենտրոնի գործունեությանը հնարավոր է ծանոթանալ ԵՊՀ չինարենի և չինական մշակույթի կենտրոնի ֆեսբուքյան էջի միջոցով: