Ս.թ. նոյեմբերի 29-ին ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում կայացավ ՀՀ-ում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Աուգուստո Ռոզենբրոկի «Դեսպանի պատկերացումները. Ուրուգվայի դիվանագիտությունը և 21-րդ դարի մարտահրավերները» թեմայով դասախոսությունը:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Տիգրան Եփրեմյանը, անդրադառնալով Հայաստանի և Ուրուգվայի համագործակցության հեռանկարներին, վստահություն հայտնեց, որ երկու երկրների միջև կրթագիտական կապերը շարունակելու են խորանալ: Հայաստանը և Ուրուգվայն ունեն յուրահատուկ միջպետական հարաբերություններ, սկսած նրանից, որ Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած առաջին երկիրն է: Երկու պետությունների միջև կապը կխթանի նաև կրթական ոլորտում նոր կապեր ստեղծելը, ինչպես նաև ուսանողների շրջանում Լատինական Ամերիկայի վերաբերյալ նոր գիտելիքներ ստանալը»,- ասաց Տ. Եփրեմյանը: Այդ գործակցության ամրապնդմանն ուղղված քայլերից կլինի ուսանողների այցի կազմակերպումը ՀՀ-ում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության դեսպանատուն, ինչի նպատակը ուսանողներին դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքին ծանոթացնելն է:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ Գոռ Պետրոսյանը, վստահեցրեց, որ դիվանագետների, ինչպես նաև Հայաստան այցելող պրոֆեսորների հետ հանդիպումները կնպաստեն ուսանողների գիտելիքների հարստացմանը, քանի որ ժամանակակից քաղաքագիտական միտքն արագ է զարգանում և ուսանողների համար արդիական է քաղաքականություն մշակողների և իրականացնողների կողմից դասախոսությունների միջոցով համալսարանում ստացած գիտելիքների լրամշակումը:
ՀՀ-ում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Աուգուստո Ռոզենբրոկ Բիդարտը դասախոսության ժամանակ ներկայացրեց դիվանագիտության հին ու նոր մեթոդները, միջազգային հարաբերությունների ձևավորումն ու դիվանագետի դերն այդ գործում:
«Դիվանագիտությունը միջազգային հարաբերությունների կառավարումն է բանակցությունների միջոցով, այն մեթոդը, որով դեսպանները կարգավորում և կառավարում են գործակցային հարաբերությունները»,- մեջբերելով հայտնի դիվանագետ Հարոլդ Նիկոլսոնի խոսքերը՝ նշեց դեսպան Էդուարդո Աուգուստո Ռոզենբրոկ Բիդարտը:
Խոսելով Ուրուգվայի արտաքին քաղաքականությունից` դեսպանը մատնանշեց այն երկրները, որոնց հետ պետությունը դիվանագիտական և կրթագիտական կապեր է հաստատել: Նա փաստեց, որ չնայած Հայաստանի և Ուրուգվայի միջև եղած աշխարհագրական մեծ հեռավորությանը՝ երկու երկրները դեռ վաղ ժամանակներից դիվանագիտական կապեր ունեն և սերտորեն համագործակցում են: Երկու երկրների գործակցային կապերի մասին է վկայում նաև Ուրուգվայում հայկական համայնքի առկայությունը:
Նշենք, որ հանդիպմանը ներկա էին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները և ուսանողները: Հանդիպման ավարտին ուսանողները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու դեսպանին: