ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում այս ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից «Ազգային անվտանգություն» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակում ուսուցանվող «Սոցիոմշակութային անվտանգություն» առարկան կներկայացվի ընդլայնված թեմաներով։
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնի դասախոս, ք․գ․թ․ Սիրանուշ Մելիքյանը, անդրադառնալով այս առարկայի առանձնահատկություններին, նշեց, որ դրա հիմնական նպատակն է Հայաստանում պատրաստել անվտանգային ոլորտի մասնագետներ, որոնք ժամանակակից սոցիումի պահանջների ու տեխնոլոգիական զարգացումների կիզակետում կկարողանան վերհանել, վերլուծել սոցիոմշակութային հարաբերությունները:
«Առարկայի շրջանակում ուսանողները կսովորեն լինել ճկուն, կդառնան բազմակողմանի զարգացած մասնագետներ՝ շարունակ փոփոխվող սոցիալական և մշակութային անվտանգության ոլորտում օժտված լինելով համապատասխան որակներով ու կարողություններով»,- ասաց Ս. Մելիքյանը։
Սիրանուշ Մելիքյանն այս առարկայի թեմատիկ ընդգրկումն ընդլայնելու նախաձեռնությամբ է հանդես եկել Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերին կից Մյունխենի Բունդեսվերի համալսարանում շուրջ մեկ տարի գիտական հետազոտություն կատարելուց հետո։
Բունդեսվերի համալսարանը մեկ տարի առաջ հնարավորություն էր ընձեռել թեկնածուական աստիճան ունեցող օտարերկրյա հետազոտողներին դիմելու հետդոկտորական կրթաթոշակի համար՝ անվտանգային ոլորտում հետազոտություններ կատարելու նպատակով: Ծրագրին դիմել և 2000 թեկնածուներից ընտրվել էր ԵՊՀ դասախոս Սիրանուշ Մելիքյանը։
«Բունդեսվերի համալսարանում դեռ ոչ մի հայ չէր ուսանել. այնտեղ օտարերկրացիների թիվը սահմանափակ է՝ 5 տոկոսից ավելի չպետք է լինի»,- նշեց Սիրանուշ Մելիքյանը:
Նա ընդգծեց, որ համալսարանում ուսումնասիրել է «Հետպատերազմական երկրների կառավարում», «Ռեսուրսների վերականգնում», «Ռազմական դիվանագիտության հիմունքներ», «Ռազմական կապիտալի ռեբրենդինգ», «Պատերազմների տեսություն և կառավարում», «Տեղեկատվական, հոգեբանական անվտանգություն և պատերազմներ» թեմաները: Բունդեսվերի համալսարանում ուսանելիս սովորողներին չի թույլատրվում օգտվել 2017 թվականից ավելի վաղ լույս ընծայված գրքերից և գիտական աշխատություններից. այս սկզբունքով է առաջնորդվել նաև Ս. Մելիքյանը՝ գիտելիքների պաշարը մշտապես հարստացնելով նոր հրատարակված մասնագիտական գրականության միջոցով:
ԵՊՀ դասախոսը, խոսելով Գերմանիայում ձեռք բերած գիտելիքներից, փաստեց, որ այդ երկրում կարևորում են այն, որ զինվորականը գերազանց տիրապետի աշխարհագրությանը:
««Պատերազմների տեսություն և կառավարում» դասընթացի շրջանակում ուսումնասիրել ենք պատերազմների մակետավորումը, թե զինվորականը 3D քարտեզի վրա վիզուալ կպատկերացնի այն աշխարհագրական տարածքը, ուր գնալու է։ Նա պետք է կատարելապես ծանոթ լինի այդ տարածքի աշխարհագրությանը, կլիմային, ռազմավարական լավագույն կետերին, թաքստոցներին։ Համալսարանում սովորեցրել են նաև, թե ինչպես հասարակությանը պատերազմի ժամանակ տեղեկություններ տրամադրել․ մարդկանց պետք է մատուցել ճշգրիտ տեղեկություններ, բայց ոչ խուճապային, ինչը պետք է կատարվի տեղեկությունների փոքր չափաբաժինների մատուցմամբ, իսկ պետությունը պետք է ամբողջությամբ վերահսկի մամուլը։ «Ռազմական կապիտալի ռեբրենդինգ» դասընթացի շրջանակում սովորել ենք, թե ինչպես կարելի է երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը փոփոխել՝ սկսած խորհրդանիշների փոփոխությունից մինչև պետության արտաքին իմիջի վերականգնում»,- ընդգծեց Ս. Մելիքյանը։
Բունդեսվերի համալսարանում վերոնշյալ ուղղություններով մասնագիտանալուն զուգահեռ՝ Սիրանուշ Մելիքյանը ՆԱՏՕ-ի գործունեության վերաբերյալ հետազոտություն է կատարել՝ ներկայացնելով այն Գերմանիայի ՊՆ-ի գիտակրթական վարչությանը։
ԵՊՀ դասախոսը վստահ է, որ Հայաստանն ունի հնարավորություն՝ նորագույն տեխնոլոգիաներով կրթելու զինվորականներին։
Նա Գերմանիայից վերադարձել է սեպտեմբերին և վերադառնալուց հետո պարբերաբար հանդես է գալիս դասախոսություններով՝ ստացած գիտելիքները մատուցելով ուսանողներին։
Նարա Մարտիրոսյան