ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ֆրանկոֆոն ուսանողները հանդիպեցին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ: Հանդիպման շրջանակում դեսպանը հանդես եկավ դասախոսությամբ, այնուհետև ամփոփվեցին Երևանի պետական համալսարանի և «SPFA» ֆրանսիական կազմակերպության գործակցությամբ կազմակերպված էսսեների մրցույթի արդյունքները:
«Եթե աշխարհի բոլոր երիտասարդները ...» խորագրով էսսեների մրցույթը կազմակերպվել էր ֆրանսիական բարեգործական «SPFA» կազմակերպության և ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի համատեղ ջանքերով, «Nouvelles de Flandre» ամսագրի, «Richelieu International Europe» կազմակերպության և «SPFA» ֆրանսիական բարեգործական կազմակերպության հովանավորությամբ: Մրցույթի հաղթողներ են ճանաչվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատի 1-ին կուրսի ուսանող Նարե Հարությունյանը, Գորիսի Ա․ Բակունցի անվ․ №1 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Արփինե Պողոսյանը և ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանող Լիանա Ալեքսանյանը՝ համապատասխանաբար զբաղեցնելով առաջին, երկրորդ և երրորդ տեղերը։
ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դեկան Տիգրան Եփրեմյանը, կարևորելով դեսպանի այցը ԵՊՀ, ինչպես նաև երկու երկրների բարեկամությունը և միմյանց մշակույթին ու լեզվին ծանոթ լինելու փաստը, նշեց, որ ֆրանսերենը գիտության, դիվանագիտության, փիլիսոփայության լեզու է, Եվրոպայի «ընդհանուր լեզուն», հետևաբար ֆրանսերենի համակողմանի ուսումնասիրումը կարևոր է և անհրաժեշտ:
«Մենք բարեկամական հարաբերություններ ունենք Ֆրանսիայի հետ. ֆրանսիական մշակույթը, ֆրանսիացիները շատ հոգեհարազատ են մեզ։ Հայ-ֆրանսիական գործակցային կապերն ամուր են եղել դեռևս Կիլիկյան Հայաստանի գոյության ժամանակաշրջանում»,- ընդգծեց ֆակուլտետի դեկանը:
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հանդես եկավ «Ֆրանս-հայկական արդի հարաբերություններն ու դրանց հեռանկարները» խորագրով դասախոսությամբ: Հիշելով հայ-ֆրանսիական հարաբերությունների դարավոր պատմությունը՝ դեսպանը նշեց, որ Հայաստանն այն բարեկամ երկիրն է, որին Ֆրանսիան մշտապես աջակցել է և այժմ էլ շարունակում է աջակցել տարբեր հարցերի շրջանակում: Դեսպանը ներկայացրեց երկու երկրների այժմյան հարաբերություններն ու գործակցության ընդլայնվող ոլորտները:
Նշենք, որ հանդիպմանը ներկա էին միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, հետաքրքրված ուսանողներ և դասախոսներ:
Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով: Ուսանողները բանախոսին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը միջազգային գործակցության, տարածաշրջանային խնդիրների, դեսպանների պարտականությունների, խնդիրների և լիազորությունների վերաբերյալ:
ԵՊՀ-ի և «SPFA» կազմակերպության գործակցությունն արդեն տասնամյակների պատմություն ունի. ուսանողների՝ ֆրանսերենի գիտելիքները հարստացնելու, ֆրանսիական մշակույթին և երկրին ծանոթանալու համար հաճախ կազմակերպվում են միջոցառումներ, քննարկումներ և հանդիպումներ: