ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի ունեցավ 2023-2024 ուստարվա շրջանավարտների դիպլոմների շնորհման պաշտոնական և հանդիսավոր արարողությունը: Բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման համակարգերի շուրջ 290 շրջանավարտ մուտք գործեց կյանքի նոր շրջափուլ։
Ավարտական տոնական միջոցառմանը շրջանավարտներին իրենց խոսքը հղեցին ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Տիգրան Եփրեմյանը, Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Ժակ Մանուկյանը, ֆակուլտետի պրոֆեսորներ Գարիկ Քեռյանը և Աշոտ Ենգոյանը:
«Երևանի պետական համալսա-րանի միջազգային հարաբերութ-յունների ֆակուլտետի առաքելությունը արհեստավարժ մասնագետներ՝ միջազգայնագետներ, քաղաքագետներ և կառավարման մասնագետներ, լավ մարդիկ և ՀՀ լավ քաղաքացիներ կրթելն է: Վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն իր գիտելիքներով և հմտություններով կնպաստի մեր պետության զարգացմանն ու բարգավաճմանը՝ սեփական ներդրումն ունենալով դիվանագիտության, կառավարման և հանրային քաղաքականության ոլորտներում»,- նշեց ֆակուլտետի դեկան Տ. Եփրեմյանը:
Շրջանավարտներն էլ իրենց հերթին շնորհակալական խոսք հայտնեցին համալսարանին, ֆակուլտետին, պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ իրենց անձնվեր աշխատանքի համար և խոստացան բարձր պահել ԵՊՀ-ի և ֆակուլտետի անունը:
«Քաղաքագիտություն» կրթական ծրագրի շրջանավարտ Նոնա Հարությունյանը, շնորհավորելով բոլորին, ընդգծեց, որ ԵՊՀ շրջանավարտ լինելը պատիվ է և պարտավորեցնող։
«Մեր հաջողությունները հնարավոր չէին լինի առանց մեր դասախոսների անմնացորդ աջակցության և նվիրումի: Ուսուցման հանդեպ նրանց հանձնառությունն ու մեր՝ կրթության հանդեպ նվիրվածությունը մեծ ներդրում են եղել բոլորիս համար»,- ասաց Նոնան:
«Միջազգային հարաբերություններ» կրթական ծրագրի շրջանավարտ Աննա Սարգսյանը փաստեց՝ այն, ինչ իրենց տվել է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ավելին է, քան պարզապես ակադեմիական գիտելիքը։
«Այսօր մենք այստեղ ենք, որ միասին հայտարարենք մեր կյանքի ամենագեղեցիկ փուլի ավարտը, բայց եւ ազդարարենք դրա շարունակականությունը՝ վստահ լինելով, որ կրողն ենք բոլոր այն վեհ արժեքների, որոնք մեզ հետեւողականորեն փոխանցել է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը ուսումնառության ողջ ընթացքում։ Շնորհակալ ենք ձեզ, ձեր անսպառ նվիրումի, աջակցության եւ սրտացավության համար։ Վստահ եմ՝ մեզնից յուրաքանչյուրը մոտ ապագայում կարևոր դերակատարում կունենա միջազգային հարաբերությունների ոլորտում, եւ մեր մասին դեռ շատ կլսենք։ Սակայն, կա մի բան, որ միավորում է բոլորիս․ այդ դուք եք եւ ձեր սերմանած արժեքները՝ առ մասնագիտություն և առ հայրենիք»: