Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը ուսանողների տեսական գիտելիքների ամրապնդման ու գործնական հմտությունների կիրառման նպատակով ս.թ. փետրվարի 14-16-ը Ծաղկաձորում կազմակերպեց «Քաղաքականություն և կառավարում. արդի աշխարհի մարտահրավերները» խորագրով ձմեռային դպրոցը:

Բանախոսություններով և ակտիվ քննարկումներով հագեցած ձմեռային դպրոցում ոլորտի առաջատար ներկայացուցիչները ուսանողներին հաղորդակից դարձրին Հայաստանում մշակվող քաղաքականության առանձնահատկություններին, մարտահրավերներին և հնարավորություններին:
Ծրագրի շրջանակում բանախոսություններով հանդես եկան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, պ.գ.թ. Նարեկ Մկրտչյանը, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Տիգրան Եփրեմյանը, ԱԳՆ hումանիտար համագործակցության վարչության պետ Վրեժ Քարդումյանը, Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը, ԵՊՀ ՄՀՖ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Ժակ Մանուկյանը, ԵՊՀ ՄՀՖ հանրային կառավարման ամբիոնի վարիչ Վահագն Ագլյանը:
Մասնակիցները լսեցին դասախոսություններ՝ «Ազգաշինության գործընթացի մեկնարկը Եվրոպայում», «ՀՀ ժողովրդագրության ռազմավարությունը», «ՌԴ քաղաքականությունը հետխորհրդային տարածքում», «Հանրային ծառայության արդի իրավիճակը և զարգացման միտումները Հայաստանում», «Միջազգային հիերարխիկ հարաբերությունների ազդեցությունը քաղաքականությունների կոնվերգենցիայի գործընթացի վրա», «Հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունները» թեմաներով, որոնց շուրջ ծավալվեցին ակտիվ քննարկումներ ու հարցուպատասխան: Նմանօրինակ նպաստել ուսանողների շրջանում քննադատական մտածողության և համագործակցային կարողությունների զարգացմանը:
Բակալավրի առկա ուսուցման «Միջազգային հարաբերություններ» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Անի Շահգալդյանը պատմեց իր տպավորությունների մասին. «Ձմեռային դպրոցը հիանալի հնարավորություն էր նոր գիտելիքների ու հմտությունների ձեռքբերման, փորձի փոխանակման, ինչպես նաև պրակտիկ գործունեություն ծավալելու համար: Բանախոսությունների թեմաները բովանդակալից էին: Երկխոսությունները, հարցուպատասխանները էլ ավելի հետաքրքիր էին դարձնում դասընթացը: Կցանկանայի, որ ծրագիրը շարունակական լինի»:

«Քաղաքագիտություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Ալլա Օհանյանի խոսքով ծրագիրն իրականացվեց հետաքրքիր ու տրամադրող միջավայրում. այն նպաստեց ոչ միայն ուսանողների տեսական գիտելիքների հարստացմանը, այլև գործնական կիրառությանը և առհասարակ մասնագիտական հմտությունների զարգացմանը:
«Ձմեռային դպրոցը բավականին տպավորիչ և հագեցած փորձառություն էր, որին բախտ վիճակվեց մասնակցել: Եռօրյա համընդգրկուն ծրագիրն էլ ավելի խորացրեց և թարմացրեց իմ գիտելիքների բազան, իսկ հարցերը օգնեցին ինձ զարգացնելու քննադատական մտածողությունս: Ձմեռային դպրոցը սոսկ միջոցառում չէր, այլ մի փորձառություն, որը դեռ երկար կհիշեմ»,- հավելեց բակալավրի առկա ուսուցման «Քաղաքագիտություն» կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող Արգիշտի Վիրաբյանը:
Մտքերի ու փորձի փոխանակման այս հարթակում ուսանողները հնարավորություն ունեցան մասնագետների հետ քննարկելու աշխարհաքաղաքականության հիմնական հասկացությունները, ոլորտի տեսական մոտեցումներն ու հիմնախնդիրները՝ ստանալով իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները՝ այդպիսով զարգացնելով քննադատական մտածողությունն ու համագործակցային կարողությունները:
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, գրասենյակի ղեկավար, ք.գ.թ. Գոռ Պետրոսյանը հավաստիացրեց. «Ձմեռային դպրոցը ԵՊՀ ուսանողների համար ուսման ոչ ֆորմալ գործընթացը ծաղկաձորյան ձմեռային հանգստի հետ համատեղելու հնարավորություն էր։ Ուսանողների համար կրթական ոլորտին առնչվող միջոցառումների կազմակերպումն ու ստեղծագործական մթնոլորտի ապահովումը կկրի շարունակական բնույթ»: