Տնտեսագետ կադրերի պատրաստումը ԵՊՀ-ում սկսվել է դեռևս 1921 թվականից։ 1934 թ. հիմնադրվել է որպես առանձին ֆակուլտետ, որը գործել է մինչև 1975 թվականը: 1975-1983 թթ. տնտեսագետների պատրաստումը ԵՊՀ-ում ընդմիջվել է՝ կապված Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի հիմնադրման հետ: 1984 թ. համալսարանում ֆակուլտետը վերաբացվել է «Տնտեսագիտական կիբեռնետիկա» անվանմամբ, 1991 թ. վերանվանվել Տնտեսագիտության, իսկ 2014 թ.՝ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ:
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը համալսարանի հնագույն ֆակուլտետներից մեկն է: Այն Հայաստանի և տարածաշրջանի ամենաբարձր վարկանիշ ունեցող ուսումնական հաստատություններից է, որտեղ ստացած կրթությունը հնարավորություն է տալիս դառնալու մրցունակ մասնագետ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև ամբողջ աշխարհում: 1934 թվականից ի վեր ֆակուլտետն ավարտել են տասնյակ հազարավոր բարձրակարգ մասնագետներ, որոնք, գերազանց տիրապետելով իրենց մասնագիտությանը, հաջողությամբ և բարձր արդյունավետությամբ աշխատում են տնտեսության տարբեր ոլորտներում, պետական կառավարման համակարգում, գիտահետազոտական կենտրոններում և համալսարաններում: Տարբեր կրթական ծրագրերով շուրջ 1300 ուսանող (այդ թվում՝ առկա և հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ, ասպիրանտներ և հայցորդներ) այսօր մասնագիտական կրթություն է ստանում համալսարանում:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը համագործակցում է ինչպես պետական մարմինների, այնպես էլ մասնավոր ոլորտի կազմակերպությունների հետ (այդ թվում՝ ՀՀ Կառավարություն, նախարարություններ, գերատեսչություններ, Կենտրոնական բանկ և այլն): Ֆակուլտետի գիտակրթական ներուժն օգտագործվում է ՀՀ Կառավարության տարբեր օղակների ծրագրային փաստաթղթերի մշակման գործընթացում, ինչպիսիք են՝ «Կայուն զարգացման ծրագիրը» (ընդունված ՀՀ Կառավարության 2008 թ․ որոշմամբ), «Հայաստանի Հանրապետության 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը» (ընդունված ՀՀ Կառավարության 2014 թ․ որոշմամբ), «Ընտանիքի անապահովության գնահատման համակարգի հայեցակարգը» (ընդունված 2024 թ․), «Հայաստանի պարենային ապահովության և սնուցման ազգային ռազմավարական ուսումնասիրությունը» (2018 թ․), «Հայաստանում հազարամյակի զարգացման նպատակների առաջընթացի զեկույցը» (2010 թ․), «Մարդկային կապիտալի ուսումնասիրությունը» (2022 թ․)։
Գիտաուսումնական և հետազոտական գործունեություն իրականացնելիս ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը համագործակցում է նաև միջազգային կառույցների հետ՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակ, Համաշխարհային բանկ, ՀՌԿԿ հայաստանյան կենտրոն, «TEMPUS ECESIS» և այլն:
Ֆակուլտետում գործում է ուսուցման եռաստիճան համակարգ` բակալավրիատ (4 տարի տևողությամբ), մագիստրատուրա (ծրագրով պայմանավորված՝ 1.5 կամ 2 տարի տևողությամբ) և ասպիրանտուրա (3 տարի տևողությամբ):
Բակալավրի որակավորումը շրջանավարտներին լայն հնարավորություններ է ընձեռում՝ զբաղեցնել պաշտոններ տնտեսության տարբեր բնագավառներում, ինչպես նաև երկրի պետական կառավարման համակարգում և այլ ոլորտներում։ Քառամյա ծրագրի ավարտին շրջանավարտներին շնորհվում է տնտեսագիտության բակալավրի կամ կառավարման բակալավրի պետական դիպլոմ՝ կախված ընտրված կրթական ծրագրից:
Մագիստրոսի որակավորումը շրջանավարտներին իրավունք է տալիս զբաղեցնելու պաշտոններ, այդ թվում՝ ընդգրկվելու գիտահետազոտական աշխատանքներում, որոնց համար աշխատողից պահանջվում է խորացված, ոլորտային մասնագիտական կրթություն: Մագիստրոսական ծրագրերի հիմնական նպատակը դիմորդների խորացված մասնագիտական վերապատրաստումն է: Ծրագրի ավարտին շրջանավարտներին շնորհվում է տնտեսագիտության մագիստրոսի կամ կառավարման մագիստրոսի պետական դիպլոմ՝ համապատասխան կրթական ծրագրով:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում դասավանդում են ոլորտի առաջատար մասնագետներ՝ պրոֆեսորներ, գիտությունների դոկտորներ և թեկնածուներ, ՀՀ պետական պարգևների և մասնագիտական ոլորտում պատվավոր կոչումների արժանացած վաստակավոր դասախոսներ: Ֆակուլտետում համատեղության կարգով դասավանդում են նաև ՀՀ պետական կառավարման, ինչպես նաև ֆինանսաբանկային ոլորտի և առաջատար կազմակերպությունների մասնագետներ, հասարակական գործիչներ և մեծանուն գիտնականներ:
Ազգային և միջազգային աշխատաշուկաների պահանջներին համապատասխան կրթական ծրագրեր են առաջարկում ֆակուլտետում գործող չորս ամբիոնները`
- Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների,
- Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման,
- Ֆինանսահաշվային,
- Կառավարման և գործարարության:
Սկսած 2002 թվականից՝ ԵՊՀ-ում ֆակուլտետի գիտական ներուժի հիման վրա գործում է ՀՀ ԲՈԿ-ի տնտեսագիտության թեկնածուի և դոկտորի գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդը:
Ֆակուլտետում 2016 թ. հիմնադրվել է Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնը, որի գործունեությունը նպատակաուղղված է սահմանադրականության մշտադիտարկման ու կառավարման, տնտեսության ինստիտուցիոնալ զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ հետազոտությունների կատարմանը, գիտագործնական լուծումների առաջադրմանը: Կենտրոնի գիտական հետազոտությունների հիմնական ուղղություններն են՝ սահմանադրականության ախտորոշում և մակարդակի գնահատում, սահմանադրականության գնահատման տվյալների բազաների հավաքագրման մեթոդների մշակում և հավաքագրում, կատարված հետազոտությունների և ստեղծված տվյալների բազաների առևտրայնացման ուղիների մշակում, ինչպես նաև «Big Data» և «Data Science» մոտեցումները և դրանց կիրառման հնարավորությունների ուսումնասիրությունը սահմանադրական տնտեսագիտության ոլորտում։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը արդյունավետ համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան գիտահետազոտական կենտրոնների հետ: Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում միջազգային համագործակցությունը դիտարկվում է որպես զարգացման և կրթության որակի բարելավմանն ուղղված ռազմավարական կարևոր ուղղություն: Ֆակուլտետը միջազգային համագործակցության ծրագրեր է իրականացրել դեռևս 1993 թվականից: ԵՊՀ-ն (այդ թվում՝ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը) համագործակցում է ավելի քան 230 բուհերի և գիտահետազոտական կենտրոնների հետ։ Փոխանակման բազմաթիվ ծրագրերի շրջանակում ֆակուլտետի ուսանողները հնարավորություն ունեն կրթություն ստանալու արտերկրի հեղինակավոր համալսարաններում, մասնակցելու միջազգային ծրագրերի և նախագծերի։ Ի թիվս բազմաթիվ միջազգային համագործակցության ծրագրերի՝ ֆակուլտետում ուսանողների համար լայն հնարավորություն է ապահովվում․
- «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ուսանողների շարժունություն (բակալավրիատի երկրորդ կուրսից սկսած),
- միջբուհական համագործակցության ծրագրերի շրջանակում ուսանողների շարժունություն (բակալավրիատի երկրորդ կուրսից սկսած),
- մագիստրատուրայի ուսանողների և ասպիրանտների համար միջազգային բուհերում և գիտահետազոտական կենտրոններում հետազոտական դրամաշնորհների, ինչպես նաև կրթաթոշակների միջոցով ուսումը շարունակելու հնարավորություն,
- կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագիր ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանի հետ (ՍԽՊՀ) - «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի երկրորդ տարվա՝ մինչև հինգ ուսանողներ կարող են ուսումը շարունակել ՍԽՊՀ-ի «Տվյալների վերլուծություն» ծրագրի 2-րդ կուրսում՝ ստանալով և՛ ԵՊՀ-ի, և՛ ՍԽՊՀ-ի դիպլոմներ:
Ուսանողների շարժունությունը կարող է ապահովվել միայն բարձր առաջադիմության և լեզուների բավարար իմացության դեպքում։
ԵՊՀ-ում գործում է նաև «Բիզնես ինկուբատոր» կառուցվածքային ստորաբաժանումը, որի նպատակը տարբեր ֆակուլտետներում, այդ թվում` Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում ստեղծվող արդյունքների առևտրայնացման միջավայրի ստեղծումն է, համալսարանական միջավայրում ծնվող գաղափարների գեներացումը և ակսելերացիան, այդ գաղափարները գիտակրթական, արդյունաբերական, տեխնոլոգիական արդյունքի վերածելու, ինչպես նաև նորարարական գաղափարների հավաքագրմանն ու զարգացմանը միտված օժանդակության ապահովումը։
Գիտակրթական ու հետազոտական համատեղ նախագծերի իրականացման, մասնագիտական ու արտադրական պրակտիկաներ կազմակերպելու, ուսանողների՝ աշխատաշուկա ելքի ապահովման նպատակով ֆակուլտետը ակտիվորեն համագործակցում է ՀՀ ֆինանսաբանկային ոլորտի, պետական կառավարման մարմինների և մասնավոր հատվածի կազմակերպությունների հետ: Ուսումնառության ընթացքում կրթական գործընթացներին զուգահեռ, մեծ ուշադրություն է դարձվում նաև ուսանողների արտալսարանային կյանքին ու գործունեությանը: Ուսանողների համար կազմակերպվում են սեմինարներ, հանրային դասախոսություններ, ճանաչողական այցեր, արտալսարանային դասեր ու հանդիպումներ ոլորտի փորձառու մասնագետների, հանրային գործիչների, մեծանուն գիտնականների, բիզնեսի ներկայացուցիչների հետ, որոնք իրենց հարուստ փորձն ու գիտելիքներն են փոխանցում ուսանողներին:
Ֆակուլտետը շարժվում է ժամանակին համընթաց՝ ապահովելով առաջադեմ կրթական տեխնոլոգիաների ընդլայնված և արդյունավետ կիրառման շարունակական հնարավորություններ: Պարբերաբար կրթական գործընթացներում ներդրվում են կրթության որակի բարելավմանն ու ուսումնառության կազմակերպման արդիականացմանը նպատակաուղղված առաջադեմ տեխնոլոգիաները։ 2023 թվականից ֆակուլտետում գործում է Wolfram մաթեմատիկական ծրագրավորման լեզվի ուսուցման լաբորատորիան:
Ֆակուլտետում գործում են մի շարք կառուցակարգեր, որոնք հնարավորություն են տալիս ուսանողներին դիմելու ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար: Ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում ստանալու հնարավորություն ունեն տվյալ ուստարում բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները: Ֆակուլտետը ներառված է մի շարք ֆինանսական օժանդակության ծրագրերում, համագործակցում է տարբեր հաստատությունների և կառույցների հետ: Ֆակուլտետում լավագույն ուսանողների համար սահմանված են անվանական կրթաթոշակներ:
Վերջին տարիներին ուսուցման տարբեր ձևերով ֆակուլտետն ավարտում է տարեկան ավելի քան 400 շրջանավարտ, որոնք աշխատում են պետական համակարգում (այդ թվում՝ ՀՀ նախարարություններում և գերատեսչություններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում), ՀՀ կենտրոնական բանկում, առևտրային բանկերում, մասնավոր ձեռնարկություններում, միջազգային հեղինակավոր կազմակերպություններում և այլուր։