ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում Երևանի պետական համալսարանի, Համազգային հայ կրթական և մշակութային միության, ԳԱԱ գրականության ինստիտուտի և Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի համագործակցությամբ տեղի ունեցավ հասարակական-քաղաքական գործիչ, գրականագետ, մանկավարժ Նիկոլ Աղբալյանի 150-ամյակին նվիրված աշխատաժողով։

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանը։ Ա. Գալստյանը անդրադարձավ Նիկոլ Աղբալյանի ծավալած հասարակական գործունեությանը՝ խոսելով նրա հայրենանվեր գործերի և ծրագրերի մասին։ Ա. Գալստյանը նշեց, որ կազմակերպված հանդիպման նպատակն է հարց ու պատասխանի միջոցով առավել ամբողջական դարձնել Նիկոլ Աղբալյանի անցած ճանապարհը։
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը։ Նա շեշտեց, որ Նիկոլ Աղբալյանի կենսագրության կարևորագույն էջերից էր Հայաստանի առաջին հանրապետության կառավարության մեջ կրթության նախարարի պաշտոնի ստանձնումը: Ն. Աղբալյանը Առաջին հանրապետության օրերին Երևանում ստեղծեց Հայաստանի գրողների ընկերությունը: Նա ճանաչված հրապարակախոս էր, փայլուն հռետոր: Անդրադարձել է XX դ. առաջին կեսի հասարակական-քաղաքական կյանքի գրեթե բոլոր խնդիրներին: Հայաստանի Հանրապետության հանրային կրթության և արվեստի նախարարի (1919 թ. օգոստոս-1920 թ. մայիս) պաշտոնում մեծ աշխատանք է ծավալել մշակույթի, գիտության և ագգային կրթության նկատմամբ պետական մոտեցում ձևավորելու ուղղությամբ: Ն. Աղբալյանի ստորագրած հրամանով ու ջանքերով էլ իրականացավ համալսարան ստեղծելու մասին մինչ այդ ընդունված որոշումը, և հիմնադրվեց Երևանի պետական համալսարանը։

Աշխատաժողովի ժամանակ զեկուցումներով հանդես եկան բ․գ․դ., պրոֆեսոր Ժենյա Քալանթարյանը, բ․գ.դ., պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը, բ․գ․թ., դոցենտ Աշխեն Ջրբաշյանը, բ․գ․թ., դոցենտ Քնարիկ Աբրահամյանը, բ.գ.թ. Արմեն Մանուկյանը, բ.գ.թ. Լուսինե Ավետիսյանը։
Զեկուցողները մանրամասնորեն խոսեցին Նիկոլ Աղբալյանի քննադատական գործերի, նրա ծավալած հասարակական-քաղաքական գործունեության, գրականագիտության ոլորտում նրա կատարած մեծ աշխատանքի մասին։ Ն. Աղբալյանը աշխատակցել է «Մուրճ», «Վտակ», «Զանգակ», «Գործ», «Հորիզոն», «Նոր հոսանք», «Արև», «Ազատամարտ», «Ռազմիկ», «Հառաջ», «Վեմ», «Սիոն», «Հայրենիք», «Ազդակ» և այլ պարբերականների, եղել է «Ազատամարտիկ»-ի խմբագիր (մեկ տարի, 1917), «Հորիզոնի» և «Նոր հոսանքի» խմբագիրներից մեկը: Սփյուռքում հրատարակվել են գրականության և լեզվի խնդիրներին նվիրված նրա աշխատությունները: Ն. Աղբալյանի «Բանասերի հուշագիրը» (Բեյրութ, 1937-1938), «Դասախոսություններ հայ մատենագրության մասին» (Բեյրութ, 1951), «Սայաթ-Նովայի հետ» (Բեյրութ, 1966), «Մտածումներ» հրապարակախոսական հոդվածների ժոդովածուն (Բեյրութ, 1967), «Պատմություն հայոց գրականության» (Բեյրութ, 1970) աշխատությունները լուրջ ավանդ են հայ գրականության պատմության, հայոց լեզվի ուսումնասիրության բնագավառներում:
Միջոցառման ժամանակ շեշտվեց, որ Նիկոլ Աղբալյանը իր տված գնահատականներում միշտ եղել է օբյեկտիվ, միշտ կանգնած է եղել սկսնակ գրողների կողքին և ոգեշնչել նրանց։