Հայոց լեզու և գրականություն
Բակալավրի կրթական ծրագիր
Առկա ուսուցմամբ բակալավրի «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի տևողությունը 4 տարի է (8 կիսամյակ): Ուսումնական կիսամյակի համար սահմանվում է 20-շաբաթյա տևողություն, որը բաշխվում է հետևյալ հերթականությամբ՝ 8 շաբաթ լսարանային պարապմունքներ, 1 շաբաթ ընթացիկ քննություններ, 7 շաբաթ լսարանային պարապմունքներ, 1 շաբաթ ընթացիկ քննություններ ու ստուգարքներ և 3 շաբաթ եզրափակիչ քննություններ:
Բակալավրի կրթական ծրագրի յուրաքանչյուր կիսամյակային քննաշրջանում նախատեսվում է առավելագույնը 5 քննություն՝ բացառությամբ առաջին կիսամյակի, որտեղ քննությունների թիվը չի գերազանցում 3-ը:
Ծրագրի դիմորդը պետք է ունենա միջնակարգ կրթություն կամ դրան համարժեք որակավորում. միջնակարգ կրթություն կամ դրան համարժեք որակավորում ունեցող դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով՝ ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա։
Դիմորդը քննություն է հանձնում «Հայոց լեզու և գրականություն» (գրավոր) և «Օտար լեզու» (գրավոր) առարկաներից։
Ծրագրի նպատակն է նախապատրաստել գիտակրթական համակարգում աշխատելու կողմնորոշված մասնագետներ, որոնք ունակ կլինեն.
- վերլուծելու և համակարգելու լեզվաբանության և գրականագիտության ոլորտներին առնչվող տվյալները,
- կատարելու լեզվաբանական և գրականագիտական վերլուծություններ, խմբագրական ու թարգմանչական աշխատանք,
- ներդնելու լեզվաբանական և գրականագիտական ուսումնասիրությունների կիրառական սկզբունքներ տրված ոլորտում` արդյունավետ աշխատանք ապահովելու նպատակով,
- կազմակերպելու և ուղղորդելու գրական երկերի վերլուծման, տեքստերի խմբագրման, թարգմանության, հրատարակության պատրաստելու, լեզվական ու գրականագիտական առարկաներ ուսուցանելու աշխատանքներ։
Ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն իրենց ուսումը շարունակելու Երևանի պետական համալսարանի, ինչպես նաև ուսումնական տարբեր հաստատությունների մագիստրատուրայում։
«Հայոց լեզու և գրականություն» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել գիտակրթական հաստատություններում։ Հնարավոր աշխատավայրերն են՝ ՀՀ պետական և մասնավոր բուհեր, հանրակրթական դպրոցներ, Մատենադարան, ՀՀ ԳԱԱ լեզվի և գրականության ինստիտուտներ, տուն-թանգարաններ, գրադարաններ, կրթամշակութային տարբեր հաստատություններ և պետական ու մասնավոր այլ հիմնարկներ ու ձեռնարկություններ: