ԵՊՀ թիմը, մասնակցելով Եգիպտոսի Լուքսոր քաղաքում անցկացված «ICPC» ծրագրավորման համաշխարհային ուսանողական 46-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլին, լուծել է առաջադրված 11 խնդիրներից 7-ը և գրանցել բացառիկ արդյունք՝ մասնակից 124 թիմերի շարքում զբաղեցնելով 21-րդ հորիզոնականը: Սա ԵՊՀ թիմերի գրանցած լավագույն արդյունքն է «ICPC» օլիմպիադայում։
2022 թ․ և 2023 թ․ անցկացվելիք եզրափակիչ 2 փուլերը, որոնք հետաձգվել էին COVID-19 համավարակի, ապա նաև Մերձավոր Արևելքում ստեղծված քաղաքական լարված իրադրության պատճառով, ս․թ․ ապրիլի 14-19 անցկացվեցին Լուքսորում։
2022 թ․ ապրիլին կայացած կիսաեզրափակիչ փուլի արդյունքներով՝ Երևանի պետական համալսարանի թիմն իրավունք էր ստացել մասնակցելու «ICPC» օլիմպիադայի 46-րդ եզրափակիչին։
Խոսելով օլիմպիադայի կարևորության և ԵՊՀ մասնակցության մասին՝ «ICPC» համալսարանական թիմերի ծրագրավորման միջազգային օլիմպիադայի Հայաստանի տարածաշրջանի տնօրեն Վահրամ Դումանյանն ասաց. ««ICPC»-ն այս ոլորտում աշխարհի ամենահեղինակավոր մրցույթն է: Մրցույթին մասնակցած՝ աշխարհի 111 երկրների 3000-ից ավելի համալսարանական թիմերից 400-ից ավելի տարածաշրջանային մրցույթների արդյունքում եզրափակիչ փուլ են անցել ընդամենը 124 թիմեր, որոնց թվում է եղել նաև Հայաստանի Հանրապետության՝ ԵՊՀ երեք ուսանողներից բաղկացած թիմը։ Այս մասշտաբի մրցույթին մասնակցելը ինքնին մեծ ձեռքբերում է, 21-րդ հորիզոնականն զբաղեցնելը՝ հետևողական և մշտական աշխատանքի արդյունք»:
Վահրամ Դումանյանը նշեց, որ հաջողության հասնելու գրավականը նվիրված աշխատանքն է։
«Սա շատ դժվար, բարդ ճանապարհ է, որտեղ խելացի և հմուտ լինելը պարտադիր, բայց ոչ բավարար պայման է: Այստեղ շատ կարևոր են նպատակասլացությունն ու աշխատասիրությունը»,- ընդգծեց Վ․ Դումանյանը:
Նա հավելեց, որ միջազգային նմանօրինակ մրցույթները ուղիղ ճանապարհ են դեպի համալսարանի և առհասարական հանրապետության գիտական մտքի բարձր վարկանիշի ձևավորում, և ըստ այդմ՝ կարևոր է բուհերի և ծրագրավորման տեղական ընկերությունների ակտիվ ներգրավումը միջազգային տարբեր մրցույթներում:
ԵՊՀ թիմը ներկայացնում էին Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ասպիրանտներ Վահագն Ալթունյանը, Լևոն Մուրադյանը, Արսեն Համբարձումյանը: Լևոն Մուրադյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այսօրինակ մրցույթները կարևոր են ոչ միայն մասնագիտական մեծ փորձառություն ստանալու, այլև հետագայում աշխատանք գտնելու տեսանկյունից։
«Մենք եզրափակիչում էինք դեռևս մագիստրատուրայում ուսանելու ժամանակ և մեծ ոգևորվածությամբ էինք սպասում այս խաղին: Իհարկե, ուզում էինք մեդալ շահել, բայց այս մասշտաբի օլիմպիադայում մեր զբաղեցրած հորիզոնականը ևս համարում ենք մասնագիտական ձեռքբերում»,- ասաց նա:
ԵՊՀ թիմի մարզիչն է Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Արմեն Անդրեասյանը:
«Մեր թիմը նշանավոր շատ համալսարաններից (օրինակ՝ Սթենֆորդի, Մոսկվայի պետական համալսարններ) առաջ է անցել: Հատկանշական է, որ կան համալսարաններ, որտեղ հատուկ պատրաստվում են այս օլիմպիադային, և մենք կարողացանք նրանցից էլ առաջ անցնել»,- շեշտեց Արմեն Անդրեասյանը:
Նա ընդգծեց, որ սա նոր նվաճում և բարձունք է, մարտահրավեր հետագա սերունդների համար՝ գերազանցելու արդեն իսկ գրանցած արդյունքները:
Մրցույթի յուրահատկություններից է արագ կողմնորոշվելու և թիմային մտածողության անհրաժեշտությունը:
«Ալգորիթմներ իմանալը, իհարկե, կարևոր է, բայց առավել կարևոր է մշակել թիմի աշխատանքային տակտիկան, քանի որ յուրաքանչյուր անդամ ունի անհատական հմտություններ, որոնք առավելագույնս օգտագործելը հնարավորություն կտա հասնելու հաջողության: Այսպես, օրինակ, մասնակիցներից մեկը շատ լավ գտնում է խնդիրների լուծման գաղափարները, ալգորիթմները, մյուսը շատ լավ կոդավորում է և այլն»,- մանրամասնեց թիմի մարզիչը:
«ICPC» ծրագրավորման համաշխարհային ուսանողական օլիմպիադայի եզրափակիչ փուլի հիմնական մրցույթն անցկացվել է ապրիլի 18-ին, որտեղ ԵՊՀ թիմը կարողացել է լուծել 11 խնդիրներից 7-ը: Մինչև այս ԵՊՀ թիմերին հաջողվել էր երկու անգամ մասնակցել «ICPC» ծրագրավորման համաշխարհային ուսանողական օլիմպիադայի եզրափակիչ փուլին. 2017 թ․ թիմը լուծել էր 4 խնդիր, 2021 թ․՝ 2:
«ICPC» 48-րդ մրցույթի եզրափակիչ փուլը կանցկացվի ս․թ․ սեպտեմբերի 15-20-ին Ղազախստանի Աստանա քաղաքում։ ԵՊՀ-ն կմասնակցի նաև այս եզրափակիչին:
Հավելենք, որ օլիմպիադայի ընթացքում Լուքսոր է ժամանել նաև Եգիպտոսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը։ Նա հանդիպել է Հայաստանի պատվիրակության, ինչպես նաև օլիմպիադայի ղեկավարության հետ։
Մրցաշարային աղյուսակին հնարավոր է ծանոթանալ այստեղ: