Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Հետազոտվելու են տարածա-ժամանակի կորության և սահմանների համակցված ազդեցությունը քվանտային վակուումի հատկությունների վրա՝ սկալյար և ֆերմիոնային դաշտերի համար: Որպես ֆոնային երկրաչափություններ կդիտարկվեն դե Սիտերի (dS) և անտի-դե Սիտերի (AdS) տարածաժամանակները: dS տարածաժամանակը բնութագրվելու է բացասական կորությամբ տարածական շերտավորմամբ կոորդինատներով: Որպես սահման դիտարկվելու է սֆերիկ թաղանթ, որի վրա սկալյար դաշտը բավարարում է Ռոբինի եզրային պայմանին, իսկ ֆերմիոնային դաշտը՝ պարկի մոդելի եզրային պայմանին: Սֆերայի ներսում և դրսում հետազոտվելու են դաշտի քառակուսու և էներգիա-իմպուլսի թենզորի վակուումային միջինները, ինչպես նաև Կազիմիրի ուժերը: Երկրորդ դասի խնդիրներում ֆոնային երկրաչափությունը բնութագրվում է լոկալ AdS տարածա-ժամանակով, որի տարածական չափողականությունների մի մասը կոմպակտիֆիկացված է տորի: Հետազոտվելու են ֆերմիոնային կոնդենսատը և էներգիա-իմպուլսի թենզորի վակուումային միջինը լիցքավորված ֆերմիոնային դաշտի համար՝ AdS հորիզոնին զուգահեռ բրանի առկայությամբ: Կհետազոտվեն լիցքավորված սկալյար դաշտի համար դաշտի քառակուսու, էներգիա-իմպուլսի թենզորի և հոսանքի խտության վակուումային միջինները կոմպակտ չափողականություններով AdS տարածաժամանակում ներդրված վերջավոր հաստությամբ բրանի երկրաչափությունում: