Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Տարեցտարի աշխարհում էներգիայի յուրացման ծավալները աճում են. ակնկալվում է էներգիայի պաշարների սպառում դարի 2-րդ կեսին: Ոչ ախտածին Ralstonia eutropha-ի հիդրոգենազները (Հիդ) պոտենցիալ թիրախներ են ֆերմենտային կենսավառելիքային սարքերում (ՖՎՍ) կիրառման համար: R. eutropha –ը ֆակուլտատիվ քեմոլիթոավոտրոֆ բակտերիա է, որն ունակ է աճելու օրգանական հիմքերի կամ H2-ի, CO2-ի և O2-ի առկայությամբ: Նախագծի նպատակն է գտնել այն նպաստավոր պայմանները, երբ Հիդ-երը կսինթեզվեն առանց H2, O2 և CO2 գազերի վտանգավոր խառնուրդի օգտագործման, նաև բացահայտել R. eutropha-ի Հիդ-ների արդյունավետ սինթեզի և բարձր ակտիվության դրսևորման պայմանները՝ թափոնների օգտագործմամբ (պանրի և կաթնաշոռի շիճուկ, գլիցերոլ և այլն)։ Փոքր քանակությունբ խմորասնկային լուծամզվածք կամ որոշ ամինաթթուներ և վիտամիններ կկիրառվեն Հիդ-ի ակտիվությունը խթանելու համար: Բակտերիաների աճման ընթացքում հետազոտվելու են կենսաէներգետիկ չափանիշները և դրանց կապը O2-կայուն Հիդ-ների գործունեության հետ: Ակտիվ Հիդ-ները կօգտագործվեն որպես անոդային կատալիզատորներ և կնպաստեն ՖՎՍ-ում հոսանքի արդյունավետ արտադրությանը: Հետազոտությունները այս ոլորտում նոր են, ունեն հիմնարար, ինչպես նաև բնապահպանական և տնտեսական առավելություններ և օգտակար կլինեն Հայաստանում ՖՎՍ տեխնոլոգիայի զարգացման համար: