Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Ներկայումս մեծ հետաքրքրություն է ներկայացնում օրգանական թափոնների մշակումը և կենսավառելիքի, կենսաէլեկտրաէներգիայի, միաբջիջ սպիտակուցների, ֆերմենտների և այլնի՝ որպես բարձրարժեք արտադրանքի ստացումը: Ծրագրի նպատակն է հետազոտել օրգանական թափոնների կենսափոխարկման ընթացքում կենսաքիմիական ուղիները, հիմնական ֆերմենտների դերը և օքսիդավերականգնողական կարգավորումը՝ կենսազանգվածի և կենսաէներգիայի արտադրության խթանման համար։ Ծրագրի ընթացքում իրականացվելու է ՀՀ-ում հասանելի արտադրական և գյուղատնտեսական թափոնների նախամշակում, ինչպես նաև ուսումնասիրվելու է դրանց հետագա յուրացումը կիրառական և կենսատեխնոլոգիական նշանակություն ունեցող մի շարք մանրէների կողմից: Որոշվելու են բակտերիաների կենսազանգվածի, կենսաէներգիայի (կենսաջրածին, կենսաէթանոլ և կենսաբութանոլ) և խմորման այլ վերջնանյութերի արտադրությունը։ Կբացահայտվի թափոնների կենսաքիմիական փոխակերպումների և կենսազանգվածի ձևավորման մեջ օքսիդավերակնգնողական պոտենցիալի (ՕՎՊ) դերը: Կուսումնասիրվի մշակված օրգանական թափոնների յուրացման ընթացքում հետաքրքրություն ներկայացնող վերջնանյութերի խթանված արտադրության համար պատասխանատու հիմնական ֆերմենտների ակտիվությունները և դրանց օքսիդավերականգնողական կարգավորումը: Ավելին, կիրականացվի ֆերմենտների մեկուսացում ջրածնային վառելիքային սարքի գործարկման համար, և արդյունքում կստեղծվի վառելիքային սարքի նախատիպը: