Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
COVID-19 հիվանդության պաթոգենեզում միջանհատական տարբերությունները բուժման արդյունավետ մեթոդների մշակմանը խոչընդոտող կարևորագույն գործոններից են: Ուստի անհրաժեշտ է գնահատել մոլեկուլային և բջջային մարկերների ներդրումը COVID-19 հիվանդության զարգացման մեջ։ Մասնավորապես՝ ԴՆԹ-ի վնասվածքներն ու ռեպարացիան վարակված բջիջներում, և պլազմայում արտաբջջային ԴՆԹ-ի պարունակությունը դեռևս չեն ուսումնասիրվել COVID-19-ով հիվանդների մոտ։ Նախագծի շրջանակներում վերլուծվելու են COVID-19 հիվանդության տարբեր աստիճանի ծանրությամբ մարդկանց ծայրամասային արյան բջիջներում ԴՆԹ-ի վնասվածքները, ռեպարացիան, ապոպտոզն ու արտաբջջային ԴՆԹ-ն՝ արյան պլազմայում: Բջջային մակարդակում SARS-CoV-2 վիրուսի ՌՆԹ-ն նույնականացվելու է FISH մեթոդով՝ վերջերս մշակված ՌՆԹ զոնդերի կիրառմամբ։ Նախատեսվում է նվազեցնել SARS-CoV-2-ի պոտենցիալ գենաթունային էֆեկտները հայտնի հակաօքսիդանտներով և հակամուտագեններով՝ կվերցետինով, գենիստեինով և ապիգենինով, որոնք ունակ են թիրախավորելու վիրուսի ելուստային սպիտակուցները։ Այսպիսով նախագծի իրականացման արդյունքում կմշակվեն COVID-19 հիվանդության նոր, զգայուն գենետիկական մարկերներ և SARS-CoV-2-ով մակածված գենոմային անկայունության կարգավորման մեթոդներ։