Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Օքսիդառեդուկտազների (հիդրոգենազներ (Հիդ), գլյուկոզ-, գլիցերոլ- և քոլեստերոլ- օքսիդազներ) հիմքով կենսաբանական վառելիքային սարքերի (ԿՎՍ) զարգացումը՝ նախադրյալ է արդյունաբերության, բժշկության և շրջակա միջավայրի համար նոր սերնդի էլեկտրոնային սարքերի արտադրության համար: Այնուամենայնիվ, ԿՎՍ-ի գործունեության ամենակարևոր խնդիրներից մեկը էլեկտրոնների փոխանցումն է՝ անշարժացված ֆերմենտների և էլեկտրոդների միջև: Երկաթի նկատմամբ մեծ խնամակցություն ունեցող սիդերոֆիլային նանոմասնիկների (ՍՆՄ) (Au, Co, Fe, Mn, Ni) կիրառումը կարող է լինել արդյունավետ միջոց ԿՎՍ էլեկտրոդների էլեկտրաքիմիական հատկությունները բարելավելու համար: Մյուս կողմից, ֆերմենտների ակտիվությունը կախված է արտաքին գործոններից, ինչը պահանջում է թե՛ մանրէների սննդամիջավայրի և թե՛ փորձարարական պայմանների մանրակրկիտ ձևավորում: Ծրագրի ընթացքում նաև կմշակվեն Հայաստանում օրգանական թափոնների շարունակական կառավարման նոր մոտեցումներ: Թափոնները կօգտագործվեն կենսատեխնոլոգիական հետաքրքրություն ներկայացնող տարբեր մանրէների (Ralstonia eutropha և Escherichia coli) կենսազանգվածի և ֆերմենտների արտադրության համար: Ավելին, կմշակվեն ԿՎՍ-ում էլեկտրոդների վրա ֆերմենտների և ՍՆՄ-ների անշարժացման, նանո-կոմպոզիտների պոլիմերային շերտերի ստեղծման և էլեկտրաքիմիական համակարգի կայունացման պայմանները: