Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Վերջին տասնամյակների ընթացքում խորհրդային ժամանակաշրջանի հայրենադարձությունը պարբերաբար հայտնվել է հետազոտողների ուշադրության կենտրոնում։ Դրա պատճառների մեջ բացի երևույթի նկատմամբ առկա հետաքրքրությունը` նաև մեր օրերում ներգաղթի կազմակերպմանը պետությանն ավելի պատրաստ դարձնելու ձգտումն է։ Եթե խորհրդային շրջանի, հատկապես հետպատերազմյան շրջանի Մեծ հայրենադարձության վերաբերյալ Հայաստանում և արտասահմանում հրատարակվել են պատմագիտական ու ազգաբանական արժեքավոր ուսումնասիրություններ, ապա 1950–ական թթ. սկսված արտագաղթի մասին գիտական հետազոտություններ չկան։ Շատերը կարող են առհասարակ կարծել, թե արտագաղթի երևույթը բնորոշ է միայն անկախության շրջանին, այնինչ տասնյակ հազարավոր հայեր (հիմնականում հայրենադարձներ) արտագաղթել են հենց Խորհրդային Հայաստանից։ Թեման հետաքրքրություն է ներկայացնում թե՛ Խորհրդային Հայաստանի, թե՛ հայկական սփյուռքի պատմության ուսումնասիրության տեսանկյունից։ Սույն ծրագրով համակողմանի կերպով ուսումնասիրվելու է Խորհրդային Հայաստանից արտագաղթը (1950–ական թթ. մինչև 1991 թ.), դրա պատճառները, ծավալները, հետևանքները թե հայրենիքում, բայց հատկապես նոր համայնքներում։ Կարևոր տեղ է հատկացվելու արտագաղթի վերաբերյալ հայկական իրականությունում առկա խոսույթը, տարբեր դիրքորոշումները ներկայացնելուն, ինքնության փոխակերպման խնդիրների համատեքստում արտագաղթածների խմբին դիտարկելուն։