Ընդհանուր տվյալներ
Նախագծի շրջանակում ուսումնասիրվելու են B-մեզոնի հազվագյուտ տրոհումների ՔՔԴ հաշվարկները ստանդարտ մոդելի շրջանակում: Նախատեսված է ՔՔԴ ուղղումների վերանորմավորումների հետ կապված հաշվարկներ կատարել B->Xsγ տրոհման, c քվարկի զանգվածի ֆիզիկական արժեքի համար, ինչպես նաև հաշվել որոշ ՔՔԴ ուղղումներ B->Xsγγ տրոհման համար։ Այս հաշվարկները հնարավորություն կտան բարելավված կանխատեսումներ ստանալու և համեմատություն կատարելու փորձարարական տվյալների հետ։
B-մեզոնների (թույլ) հազվագյուտ տրոհումները եղել են տեսաբանների և փորձարարների ուշադրության կենտրոնում ՝ պայմանավորված այն հնարավորություններով, որոնք նրանք տալիս են ստանդարտ մոդելի (ՍՄ) ստուգումների համար մի քանի հարյուր ԳէՎ մասշտաբներում: Հազվագյուտ տրոհումների մասին փորձարարական տվյալները սահմանափակումներ են դնում ՍՄ-ի ընդհանրացումների համար կամ կարող են բերել ՍՄ-ի կանխագուշակումների հետ անհամաձայնության՝ դրանով իսկ վկայելով «նոր ֆիզիկայի» գոյության մասին: Փորձի և տեսության ճշգրիտ համեմատություն կատարելու նպատակով հարկավոր է ճշգրիտ տեսական կանխատեսումներ ունենալ: Այս տրոհումների համար ուժեղ փոխազդեցության ուղղումներն ունենում են էական ներդրում:
Հետազոտվելու են նաև զանգվածեղ վեկտորական դաշտի վակուումային վիճակի լոկալ ֆիզիկական բնութագրերի միջինները անտի-դե Սիտտերի տարածաժամանակում բրանների առկայությամբ։