Ընդհանուր տվյալներ
Վայրի բնությունը իր ուրույն դերն ունի մարդկանց վարակիչ հիվանդությունների ծագման, պահպանման և շրջանառության գործում։ Բոլոր հայտնի զոոնոզների 71,8%-ը ներմուծված է բնությունից։ Թռչուններն ամենամեծ նշանակությունն ունեն այդ միջկենսացենոզային շրջանառության մեջ, քանի որ չուի ընթացքում հատում են միջազգային սահմաններ և անխափան տեղափոխում ինչպես հարուցիչներ, այնպես էլ վարակակիր փոխանցողներ ողջ երկրագնդով։ Չնայած Հայաստանում հանդիպում են 370-ից ավելի թռչնատեսակներ (այդ թվում՝ մոտ 200-ը՝ չվող), սակայն վերջիններս երբեք չեն եղել նման ուսումնասիրության առարկա։
Առաջարկվող նախագծի նպատակն է ուսումնասիրել Հայաստանում չվող թռչունների դերը մակաբույծների տեղափոխման և տարածման գործում։ Նախատեսվում է կատարել դաշտային հետազոտություն՝ ներառյալ թռչունների արյան և մկանային հյուսվածքի հավաք, որոնք հետագայում ենթարկվելու են լաբորատոր մակաբուծաբանական և մոլեկուլային գենետիկական հետազոտությունների՝ նրանցում մակաբույծների հայտնաբերման և նկարագրման համար։
Հետազոտության արդյունքները հնարավորություն կտան մոդելավորելու թռչունների միջոցով տարածվող մակաբույծների՝ նոր տարածքներում տարածվելու հնարավորությունները՝ հաշվի առնելով կլիմայի գլոբալ փոփոխության ազդեցությունը թռչունների չուի առանձնահատկությունների վրա։