Ընդհանուր տվյալներ
Երկչափ անցումային մետաղների դիքալկոգենիդներում (ԱՄԴ) սպին-ուղեծրային փոխազդեցության հաշվառմամբ ուսումնասիրվում է տակդիրի և արտաքին դաշտերի ազդեցությունը ֆոնոններով միջնորդված սպինային ռելաքսացիայի վրա ռելաքսացիայի տարբեր ընթացուղիների դեպքում:
ԱՄԴ մոնոշերտերը հետաքրքիր և խոստումնալից նյութեր են նանոէլեկտրոնային և սպինտրոնային կառուցվածքների համար՝ շնորհիվ գոտիական կառուցվածքի, սպին-հովտային երեւույթների և սպին-ուղեծրային ուժեղ փոխազդեցության կառավարելիության:
Այս ծրագրի գլխավոր նպատակն է ԱՄԴ մոնոշերտերում սպին-ուղեծրային եւ էլեկտրոն-ֆոնոնային փոխազդեցությունների համադրմամբ տեսականորեն ուսումնասիրել սպինային ռելաքսացիան՝ բացահայտելու դրա վրա տակդիրների և արտաքին էլեկտրական ու մագնիսական դաշտերի համակցված ազդեցությունները: Այս խնդիրների դիտարկումը կարող է օգնել ԱՄԴ միաշերտերի հենքի վրա ստեղծվող այն սպինային սարքերի բնութագրերի լավարկմանը, որոնցում սպինային ռելաքսացիայի երեւույթն ունի առանցքային նշանակություն։