Ընդհանուր տվյալներ
Քվազիերկչափ նանոկառուցվածքները, դրսևորելով եզակի հատկություններ, վճռորոշ դեր են կատարում հիմնարար քվանտային երևույթների ուսումնասիրության տիրույթում: Այս կառուցվածքները կիրառական նշանակություն ունեն էլեկտրոնիկայի, ֆոտոնիկայի, քվանտային ինֆորմատիկայի և այլ բնագավառներում: Նշված համակարգերում մագնիսական դաշտի առկայությունը խախտում է ժամանակի դարձելիությունը, ինչի հետևանքով ի հայտ են գալիս երևույթներ՝ կապված մագնիսական փուլերի ինտերֆերենցիայի հետ: Այս հանգամանքը նոր հեռանկարներ է բացում կառավարելի մագնիսաօպտիկական և տեղափոխական հատկություններով քվազիերկչափ կառուցվածքների ստեղծման համար:
Հետազոտական նախագծի նպատակն է ուսումնասիրել նշված երևույթների հիմքում ընկած ֆիզիկական մեխանիզմները և մշակել մեթոդներ երկչափ, կանոնավոր դասավորված քվանտային օղակներից (ՔՕ-ներից) կազմված համակարգերի մագնիսաօպտիկական և տրանսպորտային (լիցքերի և սպինների) հատկությունների, ինչպես նաև լույս-նյութ ոչ գծային փոխազդեցությունների կառավարման համար:
Նախագծի շրջանակում կիրառվելու են առաջատար հաշվողական մեթոդներ, ինչպիսիք են ճշգրիտ անկյունագծայնացման եղանակը, Հարթրի-Ֆոկի մոտավորությունը և խտության ֆունկցիոնալի տեսությունը։ Հետազոտությունը խորացնելու է մեր պատկերացումները վերոնշյալ համակարգերի մասին և ճանապարհ է հարթելու ապագա քվանտային տեխնոլոգիաներում վերջիններիս կիրառությունների համար։