Ընդհանուր տվյալներ
Խորհրդային միության անկման ապարդյունաբերականացումը ինչպես այլուր, այնպես էլ Հայաստանում ոչնչացրեց նախկին արդյունաբերական քաղաքների գոյության, բնակչության բարեկեցության տնտեսական հենքը: Գործարանները, արտադրական հզորություններն ու ռեսուրսները մասնատվեցին, ենթարկվեցին զավթողական մասնավորեցման նոր իշխանական խմբերի կողմից: Երկրորդային սեկտորի արտադրական բեկորները այդպես էլ արդյունավետ չներառվեցին առաջացող շուկայական հարաբերություններում և հիմնականում ոչնչացան: Արդյունքում ունեցանք քայքայված խորհրդային ագրեսիվ ճարտարապետության, մասնակիորեն գործող կամ մեռած գործարանների ուրվականների, դատարկության, առևտրայնացման, տուրիստականացման, սպասարկման պարզունակ և ճչացող շինությունների, գյուղականացման արգասիքների, բնակտարածությունների ադապտատիվ լրակառուցման մասնատված, անկենսունակ համապատկեր։
Հետազոտության նպատակն է բացահայտելով Հայաստանի մի շարք արդյունաբերական քաղաքների հետխորհրդային մորֆոլոգիայի դինամիկան՝ դուրս բերել վերջիններիս կայուն զարգացման հնարավորությունները և հեռանկարները: