Ընդհանուր տվյալներ
Շաքարային դիաբետը (ՇԴ) քրոնիկ նյութափոխանակային հիվանդություն է, որը բնութագրվում է արյան մեջ գլյուկոզի բարձր մակարդակով (հիպերգլիկեմիա)՝ պայմանավորված կա՛մ ինսուլինի անբավարար արտադրությամբ (1-ին տիպ), կա՛մ դրա արտադրության խախտմամբ և ռեզիստենտությամբ (2-րդ տիպ): Բջջային ազդանշանային համակարգերը, մասնավորապես ինսուլինի IR/PI3K/AKT/FOXO ազդանշանային ուղին, առանցքային է ՇԴ-ի պաթոգենեզում: Դրա գործունեության խախտումը կարող է հանգեցնել ինսուլինի արտադրության խախտման, β-բջիջների դիսֆունկցիայի, քրոնիկ բորբոքման: Կապված լինելով մի շարք ֆերմենտների (արգինազ, NO-սինթազ, գլիկոգեն սինթազ) գործունեության, ինսուլինի արտադրության, գլյուկոզի տեղափոխման գործընթացների հետ՝ այդ օղակների թիրախավորումը կարող է արդյունավետ լինել հիվանդության զարգացման արգելակման և հնարավոր կանխարգելման մեխանիզմների պարզաբանման համար:
Բազմաթիրախային ազդեցություն ունեցող բուսական ֆիտոմիացությունները և քիմիական սինթետիկ միացությունների համակցությունները կարող են կիրառվել որպես շաքարախտի բուժման հեռանկարային միջոցներ։
Հետազոտական ծրագրի նպատակն է բացահայտել մետֆորմինի (դասական հակաշաքարախտային դեղամիջոց) և արգինազ ֆերմենտի մրցակցային արգելակիչ nor-NOHA-ի առանձին և տարբեր ֆիտոմիացությունների հետ համակցված հակաշաքարախտային ազդեցությունը ինսուլինի IR/PI3K/AKT/FOXO ուղու վրա՝ առնետների in vivo շաքարախտի փորձարարական մոդելում: