Ընդհանուր տվյալներ
Ինչպես գիտենք, գլոբալ տաքացումը լրջագույն խնդիր է Երկիր մոլորակի կայուն էկոհամակարգի պահպանման համար, ինչին առավելապես նպաստում է մթնոլորտում ջերմոցային գազերի արտանետման ծավալների աննախադեպ աճը: Այս տեսանկյունից կարևորագույն խնդիրներ են մթնոլորտի տարբեր շերտերում ջերմոցային գազերի արագ հայտնաբերումը և դրանց կոնցենտրացիաների ճշգրիտ չափումը: Նմանատիպ գազերի առկա սենսորներն աշխատում են բավական բարձր ջերմաստիճանում, ունեն զգայունության բարձր շեմ և ոչ բավարար ժամանակային կայունություն: Այդօրինակ սենսորներում ավանդաբար օգտագործվող մետաղօքսիդային ծավալային կառուցվածքների փոխարինումը միաչափ և երկչափ նանոհամակարգերի էապես լուծում է վերոնշյալ խնդիրները:
Աշխատանքի շրջանակում նախատեսվում է սինթեզել միաչափ և երկչափ նանոկառուցվածքներ և դրանց հիման վրա պատրաստել ջերմոցային գազեր հայտնաբերող սենսորներ: Պատրաստված սենսորների համար կնախագծվեն ազդանշանի մշակման համակարգեր և դրանք կկցվեն կոմպակտ դրոնային կառուցվածքներին: Պատրաստված թռչող դետեկտորը հնարավորություն կտա չափելու ջերմոցային գազերի կոնցենտրացիաները մթնոլորտի տարբեր շերտերում: