Ընդհանուր տվյալներ
Ծրագրի նպատակն է հետազոտել զոոնոզ պաթոգեններին և նրանց կրող ռեզերվուար կենդանիներին քաղաքային միջավայրում: Ուսումնասիրեությունների համար ընտրվել է երկու քաղաք՝ ավելի ուրբանիզաված Երևանը և զարգացող, զբոսաշրջային Դիլիջանը: Մանրակրկիտ կհետազոտվեն այն զոոնոզները, որոնք բնորոշ են կրծողներին, փոքր միջատակերներին և չղջիկներին: Դաշտային մկները, տնային մկները, առնետները և սովորական դաշտամկները, ինչպես նաև որոշ միջատակերներ (սպիտակափոր սպիտակատամիկն ու գորշատամիկ սրնչակը) կդիտարկվեն որպես զոոնոզային պաթոգենների պոտենցիալ ռեզերվուարներ, քանի որ նրանք հարմարվել են մարդկային բնակավայրերում և հարակից տարածքներում ապրելուն։ Չղջիկները հայտնի են որպես զոոնոզ պաթոգենների ռեզերվուարներ։ Կուսումնասիրվեն քաղաքներում հանդիպող չղջիկների տեսակները: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու տզերին, որոնք նաև վեկտորներ են: Տարբեր քաղաքներում բռնված մանր կաթնասուններից սեզոնային, տարեկան հավաքագրված տզերի, արյան, կղանքի և բերանի նմուշները կհետազոտվեն ՊՇՌ մեթոդով: Ուսումնասիրվող մանր կաթնասունների տեսակների էկոլոգիական բնութագրերին համապատասխան՝ կկառուցվեն ախտածինների բաշխման տարածական մոդելներ՝ Հայաստանի բնական և քաղաքային բնակավայրերում փոքր կաթնասունների կողմից փոխանցվող հիվանդությունների տարածվածությունը ուրվագծելու համար: