Ընդհանուր տվյալներ
Ժամանակակից սպինտրոնիկայի կարևորագույն խնդիրներից մեկը սպինային վիճակների և սպինային ռելաքսացիայի ցանկալի հսկման հասնելն է կառավարելի սպին-ուղեծրային փոխազդեցության (ՍՈՒՓ) միջոցով, որը սպինտրոնային սարքերի հենքն է:
Այս նախագծի նպատակն է կատարել ֆոնոններով միջնորդված սպինային ռելաքսացիայի համակարգված տեսական ուսումնասիրություն միջուկ/ծածկույթ նանոկառուցվածքներում՝ հաշվի առնելով ֆոնոնային սահմանափակվածության ազդեցությունը: Բացի դրանից՝ հաշվի կառնվի, որ միջուկ/ծածկույթ մակերևույթի ձևը կարող է էապես փոփոխել ՍՈՒՓ-ը։
Հետազոտության նպատակն է մասամբ լրացնել առկա բացը, որը կապված է գոյություն ունեցող փորձարարական արդյունքների մեկնաբանման հետ: Հաշվարկները կկատարվեն հետերոկառուցվածքների չափերի ու ձևերի, ինչպես նաև բաղադրյալ նյութերի օպտոէլեկտրոնային բնութագրերի հաշվառմամբ: Սպինային ռելաքսացիայի ժամանակի՝ արտաքին գործոններից և հետերոկառուցվածքների (կիսահաղորդչային կամ մետաղական) բնութագրերից կախումների նախատեսված ուսումնասիրությունը կբացահայտի սպինային ռելաքսացիայի պրոցեսների վերահսկման հնարավորությունները, ինչը կարևոր է միջուկ/ծածկույթ նանոկառուցվածքների վրա հիմնված սպինտրոնային սարքերի կատարելագործման տեսանկյունից։