Ընդհանուր տվյալներ
Սույն նախագծի նպատակն է ցիանոբակտերիաների ֆիկոցիանինից նանոմասնիկների (ՆՄ) «կանաչ սինթեզը» ու դրանց ֆիզիկաքիմիական և կենսաբանական հատկությունների գնահատումը: Վերջին տասնամյակում ՆՄ-ի «կանաչ սինթեզն» առաջարկում է տնտեսապես շահավետ և էկոլոգիապես մաքուր այլընտրանք ֆիզիկաքիմիական մեթոդներին: Այդ տեսանկյունից ցիանոբակտերիաները և դրանց բաղադրիչները կարող են հաջողությամբ կիրառվել ՆՄ-ի կենսասինթեզի համար: Տվյալ նախագծի շրջանակում առաջին անգամ կատարվելու է տարբեր ՆՄ-ի (Ag, ZnO, TiO2) սինթեզ՝ օգտագործելով Հայաստանում մեկուսացված ցիանոբակտերիաներ Limnospira maxima-ից և Arthrospira platensis-ից անջատված ֆիկոցիանինը։ Ստացված ՆՄ-ի ֆիզիկաքիմիական վերլուծությունը կկատարվի ժամանակակից տարբեր սարքավորումների կիրառմամբ:
Բացի դրանից՝ ՆՄ-ի բաժանման համար օգտագործվելու են թաղանթային սեպարացիայի մեթոդները՝ ապահովելով նոր պատկերացումներ ՆՄ-ի չափսերի և դրանց հատկությունների միջև կապի մասին: Կատարվելու է ՆՄ-ի հակամանրէային ներուժի գնահատում պայմանական ախտածին բակտերիաների և տարբեր սնկերի նկատմամբ: Կգնահատվեն նաև ՆՄ-ի հեմոլիտիկ և հակաքաղցկեղային հատկությունները: Ֆիկոցիանինից ստացված նանոմասնիկները խոստումնալից են կենսատեխնոլոգիայի, կենսաբժշկության և դեղագործության ոլորտներում դրանց ապագա կիրառման համար, և ստացված արդյունքները իրենց ներդրումը կունենան Հայաստանում «կանաչ» նանոտեխնոլոգիայի զարգացման գործում: