Ընդհանուր տվյալներ
Escherichia coli բակտերիաներն ունեն ինդուկցվող H+ չեզոքացնող երեք թթվակայուն համակարգեր (Gad, Adi, Cad): Թթվակայուն համակարգերի գործունեության ամբողջական մեխանիզմն ու կարևորությունը կենսաէներգետիկական բնութագրերի ձևավորման գործում, փախազդեցությունն այլ H+ չեզոքացնող համալիրների (օրինակ՝ մրջնաթթու ջրածին լիազի) և իոնների փոխադրման համակարգերի հետ լիովին բացահայտված չէ: Ծրագրի շրջանակում կբացահայտվի թթվակայուն համակարգերի ներգրավվածությունը E. coli-ի կենսաէներգետիկական բնութագրերի ձևավորման մեջ խմորման կամ շնչառության պայմաններում տարբեր pH-ներում (pH 4.4-7.5): Կնկարագրվեն պրոտոնաշարժ ուժի առաջացման մեխանզմը և դրա փոփոխությունները E. coli-ի՝ թթվակայուն համակարգերի խանգարումներով մուտանտներում (∆gadE, ∆cadC և ∆adiY): Կներկայացվի թթվակայուն համակարգերի դերը իոնային հոսքերի և իոնային հոմեոստազի ձևավորման գործում: Ավելին, կնկարագրվի ածխածնի տարբեր աղբյուրների (գլյուկոզ, գլիցերոլ) խմորման ընթացքում նյութափոխանակության վերջնանյութերի արտադրության (թթուներ և մոլեկուլային ջրածին) և թթվակայուն համակարգերի փոխազդեցությունը: Ձեռք բերված տվյալների հիման վրա կներկայացվի մեխանիզմ և կառաջարկվի նախատիպ, որը կպարզաբանի, թե ինչպես են բակտերիաները կարգավորում կենսաէներգետիկական բնութագրերը և գործարկում թթվակայուն համակարգերը՝ թույլ և խիստ թթվային պայմաններին դիմակայելու համար: