Ընդհանուր տվյալներ
Հիպօքսիան կամ հյուսվածքներում թթվածնի պակասը կարող է հանգեցնել վնասակար հետևանքների, խորացնել հյուսվածքների քայքայումը և նպաստել որոշ հիվանդությունների զարգացմանը: Թեև քրոնիկ կամ ծանր հիպօքսիան կարող է հանգեցնել բջջում կործանարար հետևանքների, նրա նկատմամբ դրսևորվող ադապտացիոն մեխանիզմները կարող են պաշտպանիչ լինել տարբեր հիվանդությունների դեպքում: Քաղցկեղը միլիոնավոր մարդկանց մահվան պատճառն է ամբողջ աշխարհում: Չնայած բուժման միջոցների բազմազանությանը՝ հիմնական խնդիր է դեռևս այն, որ քաղցկեղի բուժման ժամանակ զարգանում է ռեզիստենտություն դեղամիջոցների նկատմամբ: Վերջինիս հիմնական պատճառը հիպօքսիայի հետևանքով առաջացած մի շարք նյութափոխանակային խանգարումներն են ուռուցքային միկրոմիջավայրում: Այնուամենայնիվ, որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ մեղմ հիպօքսիայի ժամանակ, առաջանում է առողջ անոթագոյացում: Մենք ենթադրում ենք, որ մեղմ հիպօքսիայով խթանված առողջ անոթագոյացումը կարող է դեղամիջոցների համար ճանապարհ բացել դեպի ուռուցքի խորքային շերտեր և շրջանցել ռեզիստենտությունը դեղամիջոցների նկատմամբ:
Այս նախագծի շրջանակում պարզաբանվելու է մեղմ հիպօքսիայի ազդեցությամբ տարբեր քիմիաթերապևտիկ միացությունների նկատմամբ ռեզիստենտության նվազման դրսևորումները կրծքագեղձի քաղցկեղի փորձարարական մոդելում՝ դիտարկելով հիպօքսիայի ինդուցիբել գործոն-1-ի բջջային ուղին: