Ընդհանուր տվյալներ
Մարդկության առջև ծառացած ամենամեծ խնդիրներից է հակաբիոտիկների նկատմամբ կայունության խնդիրը։ Կայունության արագ ձևավորումը անարդյունավետ է դարձրել նոր բուժումներ փնտրելու ավանդական մոտեցումը: Բակտերիալ վարակների և քաղցկեղի միջև կապը շատ կարևոր է. քաղցկեղով հիվանդների հակաբիոտիկակայուն պաթոգեններով պայմանավորված վարակները մահացության զգալի պատճառ են դառնում: Քիմիաթերապիան արագացնում է աղիքային միկրոֆլորայի մուտացիաները, ինչը բերում է հակաբիոտիկների նկատմամբ կայուն բակտերիաների շտամների առաջացման: Այսպիսով, հակամանրէային/հակաուռուցքային մոլեկուլների կիրառման նոր մոտեցումների մշակումը խիստ արդիական է: Բուսական ֆենոլները կարող են հաղթահարել հակաբիոտիկակայունությունը թե՛ բակտերիալ, թե՛ ուռուցքային բջիջներում՝ ուժեղացնելով արդեն հայտնի պատրաստուկների թերապևտիկ ազդեցությունը:
Առաջարկվող նախագծի ընթացքում կկատարվի որոշ բույսերի նյութափոխանակության բնութագրում և կհետազոտվեն էքստրակտների և/կամ առանձին ֆլավոնոիդների հակաբիոտիկ/հակաբիոտիկ մոդուլացնող ազդեցությունների որոշ մեխանիզմներ: Որպես թեստ-համակարգեր կկիրառվեն մի շարք բակտերիաներ և բջջային գծեր (ինչպես քաղցկեղային, այնպես էլ նորմալ)՝ ներառյալ հակաբիոտիկների նկատմամբ կայունները: Ֆիզիոլոգիապես ակտիվ միացությունների ազդեցության մեխանիզմները պարզաբանելու համար կկիրառվեն in vitro, in silico և կենսաքիմիական բազմազան մոտեցումներ: